Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը մտան Պոկրովսկ

Լրացված

Ուկրաինացի զինվորները Պոկրովսկի մատույցներում, հոկտեմբեր, 2025թ.
Ուկրաինացի զինվորները Պոկրովսկի մատույցներում, հոկտեմբեր, 2025թ.

Ռուսական զորքի տարբեր ստորաբաժանումներ մտել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի ռազմավարական նշանակության Պոկրովսկ քաղաք: Երեկոյան տեսաուղերձում նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել, թեժ մարտեր են ընթանում։ Չնայած ստեղծված դժվար իրավիճակին՝ ուկրաինական ուժերը պահպանում են իրենց հիմնական պաշտպանական գծերը, ասել է նա։

«Իհարկե, սա դժվար իրավիճակ է ստեղծում Պոկրովսկում և հարակից բոլոր տարածքներում, քաղաքում և ծայրամասերում թեժ մարտեր են ընթանում։ Քաղաքում թշնամու հետախուզական և դիվերսիոն խմբեր կան», - ասել է Զելենսկին:

Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս երեք բնակավայր է վերցրել: Նաև շարունակել է հարվածները: Սումիում երեկ անօդաչուն հարվածել է ավտոբուսի, կա մեկ զոհ, առնվազն 15 վիրավոր: Երեկ առավոտյան հարվածել են նաև Կիևին, որտեղ կա երեք զոհ, 30-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ յոթ երեխա։

«Կրակոցներ լսեցի, հետո պայթյուն եղավ։ Որոշեցինք փախչել բնակարանից, քանի որ ներսում շատ ուժեղ ծուխ էր։ Ոչ կարողանում էի վեր կենալ, ոչ էլ քայլել, այդ աստիճան սթրեսի մեջ էի», - ասում է Ուկրաինայի մայրաքաղաքի մի բնակչուհի:

«Ես տանն էի երկու թոռներիս հետ: Լսեցինք պայթյունի ձայն և քիչ էր մնացել ընկնեինք մեր մահճակալներից։ Երեխաներին ասացի, որ գուցե ինչ-որ տեղ անվադող է պայթել», - պատմում է մյուսը:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, Բրյանսկում հարվածել է միկրոավտոբուսի, վարորդը զոհվել է, հինգ մարդ՝ վիրավորվել: Եվս երկու մարդ զոհվել է Դոնեցկի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող հատվածում:

Այս պայմաններում Ռուսաստանը փորձարկել է միջուկային շարժիչով «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը, ինչի մասին Գլխավոր շտաբի պետը զեկուցել է նախագահ Պուտինին, որը զինվորական համազգեստով այցելել էր ռուսական զորքի հրամանատարական կետերից մեկը: Վալերի Գերասիմովն ասել է, որ հրթիռը կարող է շրջանցել ցանկացած պաշտպանական համակարգ, թռչում է 14 հազար կմ և օդում կարող է մնալ 15 ժամ: Սակայն սրանք, ըստ նրա, հրթիռի առավելագույն հնարավորությունները չեն: Պուտինն էլ ասել է, որ «Բուրեվեստնիկ»-ը պետք է ներառել զինված ուժերում:

«Մենք պետք է որոշենք, թե որ դասի զենքին է պատկանում այս նոր համակարգը։ Պետք է որոշենք դրա հնարավոր կիրառությունները և սկսենք պատրաստել ենթակառուցվածքները մեր զինված ուժերում այս զենքը ներառելու համար», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրթիռներ փորձարկելու փոխարեն Վլադիմիր Պուտինն ավելի լավ է կենտրոնանա պատերազմն ավարտելու վրա: Ըստ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանը շավ լավ գիտի, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ միջուկային սուզանավն ունի, որը Ռուսաստանի ափերի մոտ է և մի քանի հազար մղոն ճանապարհ անցնելու կարիք չկա:

«Նրանք մեզ հետ խաղեր չեն խաղում, մենք էլ նրանց հետ չենք խաղում», - ասել է նա՝ հավելելով, որ նոր հրթիռն իրենց զինանոցում ներառելու մասին Պուտինի հայտարարությունը «տեղին» չէ:

Կրեմլի խոսնակը, արձագանքելով Թրամփի քննադատությանը, հայտարարել է, որ այս հրթիռի փորձարկումը չի կարող սրել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է իր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ և առաջնորդվելու է իր ազգային շահերով:

«ԱՄՆ-ի հետ երկխոսություն հաստատելու հարցում բաց լինելով հանդերձ՝ Ռուսաստանը և Ռուսաստանի նախագահը ամեն դեպքում առաջնորդվում են իրենց ազգային շահերով։ Այսպես է եղել միշտ, այսպես է և այդպես էլ կլինի», - հայտարարել է Պեսկովը:

Մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը, թե Ուկրաինան արդեն մեծ հեռահարության տեղական հրթիռներ է կիրառում, Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինան առանց Արևմուտքի աջակցության չի կարող նման հրթիռներ արտադրել: Իսկ եթե նման հրթիռներով հարվածեն Ռուսաստանի խորքերին, ապա հակահարվածը շատ կոշտ կլինի:

«Բնականաբար, մեր զինված ուժերը և Ռուսաստանը դրան կոշտ կարձագանքեն, և, ինչպես ասաց Պուտինը, պատասխանը ցնցող կլինի», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, որն ԱՄՆ է մեկնել Բուդապեշտում Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկումից և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցներից հետո, ասել է, թե ռուսական պատվիրակությունն այս օրերին ԱՄՆ վարչակազմին է փոխանցում Մոսկվայի դիրքորոշումը, որ Ռուսաստանի հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ է:

«Մենք հստակ փոխանցում ենք նախագահ Պուտինի դիրքորոշումը, որ միայն կառուցողական, հարգալից երկխոսությունը կարող է արդյունք տալ, և Ռուսաստանին ճնշելու ցանկացած փորձ պարզապես անիմաստ է», - նշել է Դմիտրիևը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ անցած շաբաթ ունեցած հեռախոսազրույցն այնքան լավ է անցել, որ առայժմ ոչ մի հանդիպման կարիք չկա:

Այնուհանդերձ, հրադադարի հեռանկարը մնում է անորոշ, թեև Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ուկրաինան և դաշնակիցները համաձայնել են առաջիկա տասն օրում աշխատել հրադադարի ծրագրի շուրջ։ Նաև նշել է, թե հասկանում է Թրամփին, որը խուսափելով իրավիճակը լարելուց՝ Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռներ չի տրամադրում:

Սակայն էսկալացիա, ըստ Ուկրաինայի նախագահի, ամեն դեպքում կլինի, Պուտինն էլ չի փոխի իր դիրքորոշումը, եթե Թրամփը չմեծացնի ճնշումը։ «Եթե Պուտինը չդադարեցնի պատերազմը, մեզ հարկավոր է ինչ-որ բան, որը կկանգնեցնի նրան: Պատժամիջոցներն այդպիսի զենքերից մեկն են, բայց մեզ նաև հեռահար հրթիռներ են պետք», - պնդել է Զելենսկին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG