Ռուսաստանի ցամաքային զորքերի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել ռազմավարական նշանակություն ունեցող ուկրաինական Պոկրովսկ քաղաք, ինչը հաստատել է Կիևը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավիճակը բնորոշել է «դժվարին»՝ նշելով, որ քաղաքի ներսում և շուրջը թեժ մարտեր են ընթանում։
Հոկտեմբերի 26-ի իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Պոկրովսկի և մոտակա Միրնոգրադ համայնքի շուրջ:
«Այնտեղ՝ Պոկրովսկի մոտակայքում, ռուսները կենտրոնացրել են իրենց հիմնական հարվածային ուժը՝ թշնամու զորքերի մեծաթիվ քանակ», - ասել է Զելենսկին։
«Իհարկե, սա դժվարին իրավիճակ է ստեղծում Պոկրովսկում և հարակից բոլոր տարածքներում, քաղաքում և ծայրամասերում թեժ մարտեր են ընթանում։ Քաղաքում կան թշնամու հետախուզական և դիվերսիոն խմբեր»։
Այնուամենայնիվ, Զելենսկին պնդում է, որ ուկրաինական ուժերը պահպանում են իրենց հիմնական պաշտպանական գծերը։
«Մենք պետք է շարունակենք ոչնչացնել օկուպանտներին, մենք պետք է շարունակենք ռուսներին հասցնել հնարավոր ամենամեծ կորուստները», - ասել է Ուկրաինայի առաջնորդը: