Ռուսաստանի ցամաքային զորքերի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել ռազմավարական նշանակություն ունեցող ուկրաինական Պոկրովսկ քաղաք, ինչը հաստատել է Կիևը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավիճակը բնորոշել է «դժվարին»՝ նշելով, որ քաղաքի ներսում և շուրջը ընթանում են թեժ մարտեր։
Հոկտեմբերի 26-ի իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Պոկրովսկի և մոտակա Միրնոգրադ համայնքի շուրջ:
«Այնտեղ՝ Պոկրովսկի մոտակայքում, ռուսները կենտրոնացրել են իրենց հիմնական հարվածային ուժը՝ թշնամու զորքերի մեծաթիվ քանակ», - ասել է Զելենսկին։
«Իհարկե, սա դժվարին իրավիճակ է ստեղծում Պոկրովսկում և հարակից բոլոր տարածքներում, քաղաքում և ծայրամասերում թեժ մարտեր են ընթանում։ Քաղաքում կան թշնամու հետախուզական և դիվերսիոն խմբեր»։
Այնուամենայնիվ, Զելենսկին պնդում է, որ ուկրաինական ուժերը պահպանում են իրենց հիմնական պաշտպանական գծերը։
«Մենք պետք է շարունակենք ոչնչացնել օկուպանտներին, մենք պետք է շարունակենք ռուսներին հասցնել հնարավոր ամենամեծ կորուստները», - ասել է Ուկրաինայի առաջնորդը:
Ռուսները վաղուց են թիրախավորել Պոկրովսկը
Պոկրովսկն ունի կարևորագույն ճանապարհային և երկաթուղային հանգույցներ և տարվա մեծ մասը գտնվում է ռուսական ուժերի կողմից շրջափակման սպառնալիքի տակ։
Հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսական զորքերը մտել են քաղաք, սակայն ուկրաինացի պաշտոնյաները այդ ժամանակ հերքեցին այդ լուրը և ասացին, որ Կրեմլի ուժերը շարունակում են ծանր կորուստներ կրել տարածաշրջանում։
Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարեց, որ մի քանի փոքր ռուսական հետևակային ստորաբաժանումներ՝ ընդհանուր առմամբ մոտ 200 զինվոր, դիրքեր են հաստատում Պոկրովսկի ներսում։ «Թշնամին կրում է զգալի կորուստներ», - հայտարարել է Գլխավոր շտաբը։
Հարձակումների մասին տեղեկությունները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ստուգել:
Ռուս պաշտոնյաները հայտարարում են մի քանի շրջանների վրա հարվածների մասին
Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժերը հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքում: Բելգորոդի մարզի իշխանությունները հայտնել են, որ սահմանամերձ շրջանների մոտ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով 16 մարդ է վիրավորվել:
Հոկտեմբերի 27-ի առավոտյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող առնվազն 34 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն քաղաքի չորս օդանավակայաններից երկուսը՝ «Դոմոդեդովոն» և «Ժուկովսկին», ժամանակավորապես փակվել են։
Ռուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Տուլայի մարզում հոկտեմբերի 27-ի առավոտյան խոցվել է մոտ 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է մարզպետը։ Բրյանսկի մարզի նահանգապետը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ հինգը՝ վիրավորվել։
Հարվածներ՝ Ուկրաինայի բնակելի շենքերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին
Հոկտեմբերի 26-ի առավոտյան Կիևի բարձրահարկ շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, առնվազն 33 մարդ վիրավորվել, այդ թվում՝ յոթ երեխա։
Ուկրաինացի պաշտոնյաները հոկտեմբերի 26-ին նաև հայտնել են, որ առնվազն 10 մարդ է վիրավորվել, երբ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումի քաղաքի մոտակայքում գտնվող միկրոավտոբուսին։
Մոսկվան հերքում է քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը՝ չնայած նման հարձակումների լայնածավալ ապացույցներին։
Հրադադարի շուրջ ջանքերը կանգ են առել
Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Պուտինի հետ հանդիպելով չի պատրաստվում «ժամանակը վատնել», եթե Կրեմլի առաջնորդը պատրաստ չէ համաձայնության գալ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու շուրջ:
Թրամփը 10 օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և ասել, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսում է հանդիպել նրա հետ Բուդապեշտում։ Սակայն ԱՄՆ նախագահը հետագայում չեղյալ հայտարարեց հանդիպումը, չնայած ասել է, որ այն կարող է տեղի ունենալ այլ ժամանակահատվածում:
Այս ընթացքում Պուտինի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Կիրիլ Դմիտրիևը Միացյալ Նահանգներում հանդիպումներ է ունեցել ամերիկացի պաշտոնյաների հետ: Ռուսական պատվիրակության բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: