Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, հայտնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմը։
«Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը», - ասված է հայտարարությունում։
Հաղորդագրությունում նշված է, որ նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։
Շաբաթներ առաջ, Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, թե Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տասն օր առաջ հայտարարել էր, որ ռուսներն ու ադրբեջանցիները քննարկել են այս հարցը, և Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։