Ռուս-ուկրաինական բանակցություններին հաջորդել են միմյանց ուղղությամբ ռազմական հարվածները:
Ռուսական ուժերը հարվածել են Սևծովյան Օդեսայի նավահանգստին, ինչի հետևանքով բնակելի և այլ շինություններում մի քանի հրդեհներ են բռնկվել։ Տարածաշրջանի նահանգապետ Օլեհ Կիպերը հայտնել է, որ բազմահարկ բնակելի շենքի երկու հարկ ամբողջությամբ այրվել է։ Հրդեհներ են արձանագրվել երկհարկանի տան տանիքում, տաղավարներում և բենզալցակայանում։
Նրա խոսքով՝ հարված է հասցվել նաև քաղաքի պատմական կենտրոնին, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Կիպերը նշել է, որ զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները դեռ մշակման փուլում են։
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի հարավային շրջաններին: Կրասնոդարի տարածաշրջանի արտակարգ ծառայությունները Telegram-ում հայտնել են, որ Սոչիի մոտ անօդաչու սարքի բեկորները սպանել են կնոջ։ Մեկ այլ կին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վնասվածքներով։
Սոչիի հարավում գտնվող դաշնային շրջանի ղեկավարն ասել է, որ անօդաչուն հարվածել է նավթային բազային, սակայն այլ մանրամասներ չի հաղորդվել։
Ռուսաստանի ավիացիոն ծառայությունն էլ հավելել է, որ Սոչիի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է մոտ չորս ժամ։