Մատչելիության հղումներ

Ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները ժամանակավորապես չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներին


Ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները հաջորդ տարի չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներին, այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան։

Այս որոշումը հայտարարվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև Վաշինգտոնում երեկ կայացած հանդիպումից հետո: Օրբանի այցի հիմնական նպատակներից մեկը ռուսական նավթ և բնական գազ գնող հունգարական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների կանխումն էր: Նա նշել է, որ Ռուսաստանից էներգակիրների շարունակական ներմուծումը կենսական նշանակություն ունի Հունգարիայի համար: Դոնալդ Թրամփն ասել է, որ իր վարչակազմը քննարկում է այս հարցը, քանի որ Հունգարիան դժվարություններ ունի այլ աղբյուրներից նավթ և գազ ստանալու հարցում:

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2024 թվականին Հունգարիայի նավթի ներմուծման 86 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Այս էներգիայի աղբյուրի կորուստը կարող է հանգեցնել երկրի ՀՆԱ-ի 4 տոկոս անկման։

Սակայն, ըստ Ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի (CSD) և Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) ուսումնասիրության, Հունգարիան կարող է հրաժարվել ռուսական նավթից՝ այն փոխարինելով Խորվաթիայի տարածքով Ադրիա խողովակաշարով մատակարարվող նավթով։

Հունգարիան և Սլովակիան ԵՄ միակ անդամներն են, որոնք շարունակում են ներմուծել ռուսական նավթ: Հոկտեմբերի վերջին Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG