Մատչելիության հղումներ

Ռուսական միլիոնները կասկած չեն հարուցել. 47.5 մլն ռուբլու դրվագով քննություն չկա

 Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Քաղաքացին 208 միլիոն դրամին համարժեք 47.5 միլիոն ռուբլին օդային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան է բերել», - օրերս հաղորդեց Հանրային հեռուստատեսությունը:

«Երեկ ռեպորտաժը նայում էի «Լուրեր»-ի՝ քանի դեպք է բացահայտվել վերջին շաբաթներին, բավականին արդյունավետ էդ ուղղությամբ աշխատում են՝ սահմանափակելու, էսպես, սև փողերի մուտքը Հայաստանի տնտեսություն և Հայաստանի քաղաքական դաշտ», - նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Չնայած այս պնդումներին՝ իրավապահները մինչև այս պահը չեն հարուցել որևէ գործ, որն առնչվում է առաջիկա ընտրություններում ընտրական գործընթացի վրա ազդելու նպատակով Ռուսաստանից կանխիկ միջոցների ներկրմանը:

Գլխավոր դատախազությունը, պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը, հայտնել է, որ 47.5 միլիոն ռուսական ռուբլու կամ մոտ կես միլիոն դոլարի հայտնաբերման դրվագով որևէ վարույթ նախաձեռնված չէ։

Օրերս 47.5 միլիոն ռուբլու մասին հայտնել էր Պետական եկամուտների կոմիտեն: Բայց այդ գումարով «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած քաղաքացուն ձերբակալելուց հետո ազատ էին արձակել ու ետ ուղարկել Ռուսաստան: ՊԵԿ-ը այլ քայլերի չէր դիմել, մասնավորապես՝ իրավապահներին հաղորդում չէր տվել, որ քննեին ու պարզեին, թե ինչու էր այդքան մեծ գումար փորձում բերել Հայաստան, և արդյոք դա օրինական նպատակներով էր ծախսվելու:

«Նույն ժամանակ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացվեցին տեղեկություններ, որ վերջինս Հայաստանի Հանրապետությունում չունի մշտական բնակության վայր և նույն օրը պետք է հետ վերադառնար». - ՊԵԿ-ի գլխավոր օպերլիազոր Սամվել Նիկոյանն ասել էր՝ քաղաքացին չի հիմնավորել, թե ինչ ծագում ունի այդ գումարը և ինչ նպատակով էր բերում Հայաստան, այդ պատճառով էլ նրան հետ էին ուղարկել Ռուսաստան: ՊԵԿ պաշտոնյա Աշոտ Մովսիսյանն էլ թվեր էր վկայակոչել՝ վերջին մեկուկես ամսում արձանագրվել է խոշոր կանխիկ գումարների ներմուծման 9 դեպք:

«Նշված անձինք բացատրական աշխատանքների արդյունքում իրենց հետ հետ են վերադարձրել ներմուծված կանխիկ գումարները՝ ընդհանուր շուրջ 133 միլիոն ռուբլու չափով», - ասել էր ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը:

ՊԵԿ պաշտոնյան միաժամանակ նշել էր, թե անցած մեկ տարում ձեռնարկված խստացումների արդյունքում Հայաստան ներմուծվող կանխիկ գումարի ծավալը նվազել է շուրջ 10 անգամ: Այս խնդիրը հիմնականում կապված է ԵԱՏՄ երկրների հետ, քանի որ միության կազմից դուրս՝ այլ երկրներից 10 հազար դոլարը գերազանցող կանխիկ գումարի դեպքում հայտարարագրումը պարտադիր է:

Ի՞նչն է հիմք տվել հայտարարելու, որ 47.5 միլիոն ռուբլին Հայաստան էր բերվում հենց ընտրական գործընթացների համար, հատկապես որ այդ առնչությամբ քրեական գործ էլ չկա, հարցնում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Ես չգիտեմ, ապացույցներ թող ներկայացնեն, որ այդ ֆինանսական միջոցները գալիս էին Հայաստան հատուկ կոնկրետ քաղաքական նկատառումներով կամ նախընտրական գործընթացների մեջ ներդրվելու համար: Եթե չկան նման ապացույցներ, հենց այնպես հայտարարելը, իհարկե, արդեն հենց այնպես հայտարարելու պարագայում արդեն կարելի է անել հետևություն, որ նպատակը ուղղակի խոսակցություն շրջանառելն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Իրավապաշտպանը չի բացառում Ռուսաստանի ազդեցությունը առաջիկա ընտրությունների, հայաստանյան քաղաքական դաշտի, այդ թվում՝ իշխանության վրա: Միաժամանակ պնդում է՝ ընտրությունների հանդեպ վստահությունն ամրապնդելու համար ցանկացած մեղադրանքի հիմքում պետք է լինի փաստ ու ապացույց:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG