Հունվարի 29-ի գիշերը ռուսական ռազմական ուժերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Նիկոլաևում երկու կին է մահացել, հայտնում են տեղական իշխանությունները։ Կիևում «Շահեդ»-ի բեկորներ են ընկել, ըստ քաղաքապետի, զոհեր չկան.
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ Նիկոլաևում հրթիռային հարված է հասցվել սննդի արդյունաբերության ձեռնարկությանը, մասամբ ավերվել է արտադրամասի շենքը, վնասվել է նաև ձեռնարկության վարչական շենքը։
Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ ձեռնարկության երկու աշխատակից մահացել է՝ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 54 և 56 տարեկան կանանց դիերը։
Կիևում առավոտյան որոտացել են պայթյուններ, ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ինչպես հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, «Շահեդի» բեկորներն ընկել են մայրաքաղաքի Դառնիցկի շրջանում մետրոյի կայարանի մոտ, տուժածներ չկան։