Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հարվածել է Օդեսայի պատմական կենտրոնին. կան վիրավորներ


Հունվարի 31-ի երեկոյան ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա, ինչի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, իսկ պատմական շենքերը վնասվել են։ Այս մասին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Ըստ Կիպերի՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում։ Զոհեր չկան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ հարձակման էպիկենտրոնում եղել են նաև նորվեգացի դիվանագետները։

Օդեսայի պատմական կենտրոնին ռուսական հարվածի վիրավորների թիվը հասել է յոթի, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Հրթիռակոծության հետևանքով վնասվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող տարածքում գտնվող մի քանի շենք, այդ թվում՝ չորս թանգարան, պատմական «Բրիստոլ» հյուրանոցը, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին:

Զելենսկին Օդեսայի պատմական կենտրոնի ռուսական գնդակոծությունն անվանել է «բացարձակ կանխամտածված հարված»։

Ներկայումս պարզվում են հարձակման հանգամանքները։ Հարուցվել է քրեական գործ՝ ռազմական հանցագործությունների հոդվածով։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս մասին տեղեկությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG