Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածների ֆոնին Կիևը և եվրոպացի գործընկերները նոր համաձայնագրեր են պատրաստում


Ուկրաինա - Ռուսական զինուժը հրթիռակոծում է Խարկովի մարզի Բալակլիա քաղաքը, 17-ը նոյեմբերի, 2025թ.
Ուկրաինա - Ռուսական զինուժը հրթիռակոծում է Խարկովի մարզի Բալակլիա քաղաքը, 17-ը նոյեմբերի, 2025թ.

Ռուսական զինուժը գիշերը հրթիռակոծել է Խարկովի մարզի Բալակլիա քաղաքը, սպանվել է երեք, վիրավորվել` 13 մարդ, այդ թվում՝ դեռահասներ: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Խարկովում:

Խերսոնում ռուսական անօդաչուի հարվածից տուժել է երեք մարդ, վնասվել են Օդեսայի նավահանգստի և էներգետիկ ենթակառուցվածքները:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանին, այդ թվում՝ Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին:

Ռուսական հարվածների ֆոնին Ուկրաինայի նախագահը շրջայց է սկսել եվրոպական երկրներ՝ կրկին ստանալու դաշնակիցների աջակցությունը: Աթենքից հետո հաջորդ կանգառը Փարիզն է, որտեղ Վլադիմիր Զելենսկին այսօր կհանդիպի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Երեկոյան ուղերձում Զելենսկին հայտնել է, որ Կիևը և եվրոպացի գործընկերները նոր համաձայնագրեր են պատրաստում, որոնք Ուկրաինային թույլ կտան զգալիորեն ամրապնդել իր օդային պաշտպանությունը: Կոնկրետ Ֆրանսիայի հետ խոշոր գործարք է պատրաստվում, ասել է նա առանց մանրամասներ հայտնելու:

«Պատմական համաձայնագիր է պատրաստվել նաև Ֆրանսիայի հետ։ Մեր ռազմական ավիացիայի, օդային պաշտպանության և այլ պաշտպանական կարողությունների զգալի ամրապնդում կլինի», - հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինան նաև Հունաստանի հետ պայմանավորվել է ձմռան ընթացքում այս երկրից բնական գազ ներկրելու շուրջ: Մտադրությունների մասին փաստաթղթի ստորագրումից հետո Հունաստանի վարչապետի հետ ասուլիսին Զելենսկին ասել է, որ Ուկրաինան այս նպատակով մոտ 2 միլիարդ եվրո կհատկացնի:

Հունաստանն Ուկրաինայի համար կդառնա գազի ներկրման նոր աղբյուր, որը կօգնի փոխհատուցել ուկրաինական արտադրության կորուստները, որ առաջացել են ռուսական հարվածների հետևանքով, հավելել է նա՝ նշելով, որ Հունաստանի հետ գործարքը կարևոր մասն է էներգետիկ մեծ փաթեթի, որը Կիևը պատրաստել է ձմռանը երկիրը գազով ապահովելու նպատակով։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն, իր հերթին, ասել է, որ սա Ուկրաինային ուղիղ հասանելիություն կտա էներգակիրների դիվերսիֆիկացված և հուսալի աղբյուրների։

«Եվ անկասկած, այս ամենը կարևորագույն նշանակություն ունի ռուսական բնական գազից վերջնականապես հրաժարվելու ճանապարհին, քանի որ Եվրոպան կդադարի ռուսական գազ գնել, որն այլևս չի կարողանա մեր մայրցամաք մտնել քողարկված տեսքով», - նշել է Միցոտակիսը:

Մինչ նախագահ Զելենսկին ձմռանն ընդառաջ փորձում է էներգետիկ կայունություն ապահովել, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են վերսկսել գերիների փոխանակման շուրջ բանակցությունները։ Ըստ Ռուստեմ Ումերովի՝ համաձայնությունը ձեռք է բերվել Ստամբուլում՝ Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ կայացած խորհրդակցությունների արդյունքում: Կիևը մտադիր է ապահովել, որ ուկրաինացի գերիները Նոր տարին և Սուրբ Ծննդյան տոները տանը նշեն, ասել է Ումերովը:

«Այս բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են ակտիվացնել Ստամբուլի պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերում է 1200 ուկրաինացիների ազատ արձակմանը: Տեխնիկական խորհրդակցություններ կանցկացվեն մոտ ապագայում», - հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը:

Վերջին անգամ կողմերը գերիներ փոխանակել էին հոկտեմբերի 2-ին:

Իսկ ԱՄՆ-ում որոշ զարգացումներ կան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ, որպեսզի ստիպի Մոսկվային դադարեցնել Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմը:

«Ինչպես գիտեք, ես եմ դա առաջարկել, որպեսզի Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկիր շատ խիստ պատժամիջոցների ենթարկվի: Հնարավոր է, որ Իրանին ևս ավելացնենք այդ ցանկում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հոկտեմբերին հայտարարել էր, որ պատրաստ է քվեարկության դնել Գրեհեմի օրինագիծը, սակայն «չի ցանկանում խիստ ժամկետ սահմանելու պարտավորություն ստանձնել»։ Օրինագիծը Թրամփին թույլ կտա մինչև 500 տոկոս մաքսատուրք սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք առևտուր են անում Ռուսաստանի հետ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG