Երկուշաբթի ուշ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սումի քաղաքի վրա: Սա վերջին 24 ժամվա ընթացքում երկրորդ խոշոր հարվածն է քաղաքին, Սումիում էլեկտրաէներգիայի անջատումներ են, հայտնել Է նահանգապետը:
«Կես ժամվա ընթացքում ռուսները 10-ից ավելի անօդաչու հարվածներ են հասցրել քաղաքին,- Տելեգրամում գրել է նահանգապետ Օլեգ Գրիգորովը, - Սումիում էլեկտրականություն չկա։ Ենթակառուցվածքների մի մասն աշխատում է պահուստային էներգիայի աղբյուրներով»:
Գրիգորովն ասել է, որ պաշտոնյաները ստուգում են տուժածների առկայությունը:
Ավելի վաղ, Գրիգորովի խոսքով, ռուսական անօդաչուները հարված են հասցրել քաղաքի բնակելի տան ուղղությամբ՝ վիրավորելով յոթ մարդու:
Ուկրաինայի վրա ռուսական հարձակումները մի քանի ամիս շարունակ կենտրոնացած են էներգետիկ օբյեկտների վրա՝ ձմռան նախաշեմին։