Մատչելիության հղումներ

Ռուս և ամերիկացի պաշտոնյաները գաղտնի քննարկումներ են ունեցել էներգետիկ մի շարք գործարքների շուրջ. Reuters


Ռուս և ամերիկացի պաշտոնյաները գաղտնի քննարկումներ են ունեցել էներգետիկ մի շարք գործարքների շուրջ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ հինգ աղբյուր։

Լրատվամիջոցի զրուցակիցները մասնավորապես պատմել են, որ գործարքներն առաջարկվել են որպես խթան՝ խրախուսելու Կրեմլին համաձայնվել Ուկրաինայում հրադադարի, և որպեսզի Վաշինգտոնը կարողանա թուլացնել Ռուսաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցները։

Երեք աղբյուրների համաձայն՝ պաշտոնյաները այդ թվում քննարկել են Ռուսաստան Exxon Mobil-ի վերադարձի հնարավորությունը, խոսել են նաև Ռուսաստանի կողմից հեղուկացված բնական գազի նախագծերի համար ամերիկյան սարքավորումներ գնելու հնարավորությունից։

Reuters-ի փոխանցմամբ՝ ռուս-ամերիկյան այդ քննարկումները տեղի են ունեցել օգոստոսի առաջին կեսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի Մոսկվա կատարած այցի ժամանակ, որը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ներդրումային ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։

Ըստ գործակալության՝ ռուս-ամերիկյան հնարավոր գործարքներին կողմերն անդրադարձել են նաև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ։

«Թրամփը և նրա ազգային անվտանգության թիմը շարունակում են համագործակցել ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հանդիպում անցկացնելու նպատակով՝ սպանությունները և պատերազմը դադարեցնելու համար», - ասել է Սպիտակ տան խոսնակը՝ ի պատասխան գործարքների վերաբերյալ հարցերին։

Կիրիլ Դմիտրիևի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություններից, նույն կերպ է արձագանքել նաեւ Exxon Mobil-ը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG