Մատչելիության հղումներ

Ռուբիոն ու Ֆիդանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը


Մարկո Ռուբիո, Հաքան Ֆիդան
Մարկո Ռուբիո, Հաքան Ֆիդան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ռուբիոն ու Ֆիդանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարին սկսել է հայկական կողմին ուղղված տարբեր սպառնալիքներով և կոշտ նախազգուշացումներով, թե իրենց պահանջները չկատարելու դեպքում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի:

Հայաստանի վարչապետն էլ ի պատասխան հայտարարել է, թե Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել, սակայն Երևանը չի գնալու այդ ճանապարհով։

Նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը փաստեց՝ Ադրբեջանում ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, ինտենսիվ թռիչքներ են իրականացվում, որոնք ամենայն հավանականությամբ ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Այս ամենը մտահոգել էր Գրիգորյանին։ ԱԽ քարտուղարը միևնույն ժամանակ շեշտել էր՝ վերջին տարիներին Երևանը տարբեր ուղղություններով աշխատել է, որպեսի հնարավորինս կայունություն ստեղծի տարածաշրջանում։

Ռուբիոն ու Ֆիդանը երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններին։ Ռուբիոն վերահաստատել է այդ հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, և ընդհանուր շահերը տարածաշրջանում։

Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայում ներառական անցման անհրաժեշտությունը՝ երաշխավորելով, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր։

Թուրքական կողմը հեռախոսազրույցի մասին չի հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG