TRIPP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Վաշինգտոնում ընդունելով Հայաստանի արտգործնախարարին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Լրագրողների առջև արած կարճ հայտարարությունում Մարկո Ռուբիոն նաև նշել է, որ շարունակելու են «Թրամփի ճանապարհի» ուղղությամբ «կարևոր քայլեր» ձեռնարկել:
«Շարունակելու ենք աշխատել համաձայնության վրա, որը մեր կարծիքով՝ հրաշալի օրինակ է. այն բացում է Հայաստանը բիզնեսի առաջ և տնտեսական բարեկեցության հնարավորություն է, և դա անում է այնպես, որ որևէ կերպ չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը: Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա, այն հարգված է: Այն նաև ճանապարհ է՝ շարունակելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք շատ ամուր են և շարունակում են ամրանալ այս համաձայնությունների շնորհիվ՝ նաև TRIPP նախագծից դուրս», - ասել է Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարը լրագրողների հարցերին չպատասխանեց, իսկ Արարատ Միրզոյանը որևէ հայտարարություն չարեց:
Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Միրզոյանը և Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։
Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժամը 17:00-ին։
Վաղը Երևանի ժամանակով ժամը10:00-ին Արարատ Միրզոյանը հանդես կգա մամուլի ասուլիսով. նախարարը կանդրադառնա Համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին և կպատասխանի լրագրողների հարցերին: