Իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար մեղադրվող նախկին պատգամավորն այսօր ազատ արձակվեց կալանքից։ Առաջին նիստին դատարանը մերժեց կալանքը երկարացնելու դատախազի միջնորդությունն ու Ռուբիկ Հակոբյանին ազատ արձակեց հենց դատարանի դահլիճից՝ ընտրելով երկրից բացակայելու արգելքը։
Մեկ ամսից ավելի Նուբարաշենի բանտում անցկացրած 69-ամյա Հակոբյանն այս որոշումից հետո դուրս եկավ դատարանի միջանցք, ողջագուրվեց հարազատների ու ընկերների հետ։
«Եթե ինքը հրաժարական չի տալիս, այո, ականջներից բռնել, դուրս շպրտել։ Դա հեղաշրջում կկոչվի, ապստամբություն կկոչվի, չգիտեմ՝ ինչ կկոչվի։ Ինքը խախտել է Սահմանադրությունը, ինքը գլխատել է պետությունը», - լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում այս և իշխանությանը քննադատող այլ խոսքերի համար է մեղադրվում ընդդիմադիր գործիչը, որն այսօր դատարանում հայտարարեց՝ սա քաղաքական հետապնդում է։
«Այս մեղադրական եզրակացության մեջ մոտ 30 անգամ օգտագործվել է արտահայտությունը, որ պետք է մտնել ականջներից բռնել, դուրս շպրտել, բայց որևէ անգամ չի ասվում, թե ինչո՞ւ եմ դա ասում։ Օրինակ՝ օգտագործել եք, բայց հիմքը, ի՞նչ հիմքի վրա է դա ասված։ Սա քաղաքական հետապնդման հերթական փորձ է», - ասաց Ռուբիկ Հակոբյանը։
Դատախազ Վահան Հարությունյանը, սակայն, այսօր դատարանում մի քանի անգամ պնդեց՝ Հակոբյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ ազատության մեջ գուցե նոր հանցանք կատարի. - «Գտնում եմ, որ դատարանի կողմից նշված իրավաչափության պայմանը շարունակում է պահպանվել, և առկա է անհրաժեշտություն, շարունակական անհրաժեշտություն կիրառված խափանման միջոցը պահպանելու համար։ Դա պայմանավորված է մասնավորապես մեղադրյալի կողմից հասարակության մեջ ունեցած դիրքով, կատարված հանցագործության մեջ նրա դերը, դերակատարումը հաշվի առնելով, նրա մասնակցության բնույթը և աստիճանը հաշվի առնելով»։
Փաստաբանները, սակայն, հակադարձեցին՝ ստացվում է, եթե մարդը բարձր հեղինակություն ունի, պետք է մնա կալանքի տակ։ Գրիգոր Մղդեսյանը պնդեց՝ քաղաքական գործիչը որևէ հանցագործություն չի արել, ու եթե որևէ մեկը դիտի նրա հարցազրույցն ամբողջությամբ, կհասկանա, որ Հակոբյանը հեղաշրջման կոչ չի անում։
Նախկին պատգամավորն իր հարցազրույցում քննադատում էր վարչապետ Փաշինյանին, նրա վարած քաղաքականությունը, ընդգծում էր, որ նման դեպքերում, երբ իշխանությունները խախտում են սեփական քաղաքացիների իրավունքները, միջազգային իրավունքը նրանց թույլ է տալիս ընդհուպ ապստամբություն անել։ Հիշեցնում էր, որ այս մասին դեռ երկու տարի առաջ է ասել խորհրդարանական լսումներից մեկում։
«Ես պատահական փողոցից եկած մարդ չեմ, որ լավ տղա ձևանամ: Ես ասում եմ մեր սահմանադրական կարգը վերականգնելու համար ամեն գնով պետք է հեռացնել իշխանությունից, Նիկոլ Փաշինյանի նման էժան կերպարն այսօր ղեկավարում է մեր պետությունը»: Դատախազի կողմից տրված հաղորդումը բաղկացած է երկու պարբերությունից, ես կարդացի առաջին պարբերությունը: Առերևույթության կանոնի պահպանմամբ՝ արդյոք այստեղ առկա՞ է որևէ կոչ», - ասաց փաստաբանը:
Վերջին ամիսներին Հակոբյանը երրորդ ընդդիմադիրն է, որ կալանավորվում է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով: Առաջինը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն էր, որը եկեղեցու դեմ արշավ սկսած վարչապետին քննադատեց, նրան էլ հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Մեղքը հաստատվելու դեպքում Ռուբիկ Հակոբյանին սպառնում է տուգանքից մինչև 2-5 տարվա ազատազրկում։ Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 29-ին է։