Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարի ազատազրկում. ընտանիքը սարսափեցնող է որակում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք ծանրագույն հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Մեղադրողը ցմահ ազատազրկում էր պահանջել:

Ռուբեն Վարդանյանը վերջին նիստում փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս: Շուրջ մեկ տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց: Նախկին պետնախարարի ընտանիքը այսօրվա վճիռը որակել է «սարսափեցնող, թեև՝ ոչ անսպասելի»:

«Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ», -հայտարարել են Վարդանյանները:

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, Reuters գործակալության հետ զրույցում հույս է հայտնել, որ հարցը Վաշինգտոնի միջամտությամբ կարող է լուծվել.

Դավիթ Վարդանյանը
Դավիթ Վարդանյանը

«Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմը հասկանում է, որ չի կարող լինել տևական խաղաղություն, երբ մի երկիրը մյուսի գերիներին է պահում: Այստեղ համալիր լուծում է պետք է, երեք երկիր է ներգրվված: Ակնհայտ է, որ սա Հայաստանի Կառավարության պատասխանատվությունն է՝ բարձրաձայնելու այս հարցը, ոչ թե փորձելու գովազդել այսպես կոչված խաղաղություն, որին որևէ մեկ չի հավատում»,-ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը շարունակում է՝ հնարավորություն կար, որ բանը չհասներ այս դատավճիռներին.

Մանե Թանդիլյան
Մանե Թանդիլյան

«Որ Հայաստանը իր կամքով դիմում էր Մինսկի խումբը լուծարելու, պիտի պայման լիներ բոլոր պատանդներին։ Պիտի ուղղակի ավարտվեր հենց այդտեղ, և եթե Մինսկի խումբը լուծարվում էր, անմիջապես բոլորին վերադարձնեին»:

Թանդիլյանը, որ ինքն էլ հացադուլ էր հայտարարել ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի, լավատես չէ, որ իշխանությունների հռչակած խաղաղության ծրագրով գերիները կվերադառնան. «Խոստանում են, նրանք ասում են՝ կարող է լինի, կարող է չլինի։ Ես ասում եմ՝ եթե մենք խոսում ենք բովանդակային, իրական խաղաղության մասին, առանց նույնիսկ հարց բարձրացնելու այդ մասին, պիտի պատանդված մեր հայրենակիցները վերադարձվեին Հայաստան, և այդ ժամանակ նոր սկսվեր առհասարակ ժողովուրդների միջև երկարատև և որակյալ խաղաղության գործընթացը։ Չի կարող ձեր զավակը լինել պատանդառու հարևանի մոտ, ու դու նրա հետ խաղաղություն ունենաս։ Քո քունքին ատրճանակը պահած խաղաղության մասին խոսելը, կարծում եք, երկարաժամկետ և բովանդակայի՞ն է»,- ասում է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը:

Ռուբեն Վարդանյանը պատերազմից հետո էր Արցախ տեղափոխվել՝ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից: Նա Բաքվի բանտում երկու անգամ հացադուլ արեց՝ փորձելով ապահովել դատավարության տարրական օրինական պայմաններ, բայց ապարդյուն.

Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան

«Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է: Եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ, բաց ու հրապարակային՝ Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Ինչո՞ւ է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ [19]87 թվականից: Դատը մի՛ դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու»,- Ռուբեն Վարդանյանն է Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ փոխանցել:

Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները:

Ադրբեջանի նախագահը օրերս, ըստ էության, բացառել էր, որ նրանք ազատ կարձակվեն՝ թեև հաստատել էր, որ Բաքու այցի ժամանակ հարցը բարձրացրել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը:

Իլհամ Ալիև
Իլհամ Ալիև

«Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք, 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին նյուրնբերգյան դատավարությունից 2ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին։ Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ։ Նրանց հանցանքները ավելի ծա՞նր են, քան այն, ինչ արել են նացիստները 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ոչ Արցախի նախկին նախագահների ու պաշտոնյաների, ոչ էլ այսօրվա վճիռներին Երևանը պաշտոնապես՝ արտգործնախարարության հայտարարության ձևաչափով չի արձագանքել: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախօերին անդրադառնալով թեմային ասում էր, որ չեն հրաժարավելու Բաքվի հետ ընթացող գործընթացից, որը թեև բարդ է, բայց արդյունքներ տալիս է.

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

«Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են, այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնալու են, ինչպես ժամանակին 200-ին հասնող մարդիկ կային և էլի մարդիկ կային, որոնք որ չվերադաձողի ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել....այդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք 57-ամյա Ռուբեն Վարդանյանը բողոքարկելու է այսօրվա վճիռը:

XS
SM
MD
LG