Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի զեկուցողին


Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ, արխիվ
Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ, արխիվ

Գրեթե 9 ամիս Ադրբեջանում բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին։

Նրանք հորդորել են դատապարտել Բաքվի կողմից Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Նշվում է, որ Արցախի նախկին պետնախարարի ընտանիքը և միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024-ի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից և տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են եղել այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասները։

«Ադրբեջանը նրան դիտարկում է որպես սպառնալիք, նրան փորձում են լռեցնել կամայական կալանքի միջոցով, իսկ վերջին շրջանում էլ՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի միջոցով», - հայտարարել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը՝ շեշտելով․ - «Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ իրեն լուրջ վերաբերվեն միջազգային հարթակում, և որ COP29-ը դառնա «Խաղաղության COP», ապա պետք է դադարեցնի Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը և անհապաղ կերպով ազատ արձակի նրան և Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին»։

2024-ի ապրիլի 5-ից Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ապրիլի 25-ին անսալով ընտանիքի խնդրանքներին նա դադարեցրել է հացադուլը։

Արցախի նախկին պետնախարարն Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG