Մատչելիության հղումներ

Գերիները պահվում են բացարձակ մեկուսացվածության պայմաններում. փաստաբան

Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիները «բացարձակապես մեկուսացվածության պայմաններում են»,- ահազանգում է ՄԻԵԴ-ում գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանը
Սիրանուշ Սահակյանը

«Ֆիզիկական շփում արտաքին աշխարհի հետ գոյություն չունի. նրանք չեն տեսնում հարազանտներին, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցներին, չեն տեսնում անկախ բժիշկներին, փաստաբաններին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին, այսինքն՝ պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում: Արտաքին աշխարհի միակ շփումը դա հեռախոսային խոսակցություններն են: Զանգերը վերահսկվում են, կարող են նաև հարկադիր ընդհատման ենթարկվել, դրա վառ օրինակը տեսանք Ռուբեն Վարդանյանի դեպքում»,- այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՄԻԵԴ-ում գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Հայ գերիների կապը ընտանիքների հետ մինչև անցած տարվա սեպտեմբեր ապահովվում էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Բաքուն անցած տարի ԿԽՄԿ-ից բացի այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակներ է փակել իր տարածքում:

Ադրբեջանական բանտերում 20 հայ է պահվում, նրանց շարքում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ութ ղեկավարները: Բոլորը հայերի դատավճիռներն արդեն կայացվել են, նրանք դատապարտվել են 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Իրավապաշտպաններն այժմ փորձում են հայերի իրավունքները պաշտպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Ինտեսիվացվել է առողջական խնդիրների բարձրաձայնումը»

Սահակյանն այսօր նշեց նաև, որ Ադրբեջանում պահվող հայերից դժգոհություններ կան, որ բուժօգնություն չի կազմակերպվում:

«Հիմնականում կարող է ծայրահեղ վիճակում որոշ սիմպտոմներ մեղմելու դեղորայք տրամադրվի, սակայն, գոյություն ունեցող հիվանդությունը կամ դրա վատթարացումը կանխող միջոցներ չեն ձեռնարկվում: Մեր տեղեկությամբ՝ բուժօգնություն և բուժսպասարկում պատշաճ կերպով չի կազմակերպվում հայերի համար: Անկախ որևէ գնահատական նրանց իրական առողջական վիճակի վերաբերյալ չունենք»,- հայտնեց ՄԻԵԴ-ում գերիների շահերը ներկայացնող փաստաբանը:

«Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով»


Բաքվում արդեն երեք տարի պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանները ստացել են ադրբեջանական դատարանի վճիռը, որով Արցախի նախկին պետնախարարը մեղավոր է ճանաչվել տասնյակ ծանր հանցագործությունների համար ու դատապարտվել 20 տարվա ազատազրկման:

«Այս դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ, աննախադեպ մարդու իրավունքների խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ, և իհարկե, մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սիրանուշ Սահակյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանն օրերս է ստացել 3300 էջանոց դատավճիռը, ուսումնասիրել ու եզրահանգել՝ անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով:

Լրագրողների հետ հանդիպմանն իրավապաշտպանն ընդգծեց՝ դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որ Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ։ 58-ամյա Վարդանյանն ընդամենը չորս ամիս է պաշտոն զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում և երբևէ ռազմական ոլորտ չի համակարգել:

«Չի հաստատվել նրա մասնակցությունը նրան վերագրված հանցանքներում»,- ընդգծեց Սահակյանը՝ հավելելով.- «Չկա գեթ մեկ ապացույց կամ վկա ու տուժող, որը նշել է, թե Վարդանյանը հանցագործություն է արել, որից էլ տուժել է որևէ ադրբեջանցի»:

«Այնտեղ տեղ գտած փաստերը և այսպես կոչված ապացույցները և դրանց հիման վրա կատարված եզրահանգումներն ուղղակի չեն տեղավորվում մարդկային առողջ դատողության, ողջամտության, բանականության տիրույթում»,- հայտարարում է փաստաբանը:

Վարդանյանին վերագրվող տասնյակ հանցանքների շարքում Բաքուն նրան մեղադրում է նաև Ավրորա մարդասիրական նախաձեռնության համար, թե ահաբեկչություն է արել. Արցախ այցելած մրցանակակիրը ներկայացվել էր որպես հանցավոր կազմակերպության անդամ, իսկ նրան տրված մրցանակը համարվել է քրդական ծագում ունեցող բարեկամների ֆինանսավորում։

Վարդանյանի գործը Ստրասբուրգի դատարանում արդեն համար ունի, սա նշանակում է, որ միջազգային դատարանն առաջիկայում կսկսի ուսումնասիրել բողոքը:

«Հայ գերիների մաշկից այրելով հեռացվել է խաչի տեսքով դաջվածքը»

Փաստաբան Սիրանուշ Սահակյանն այսօր նաև հայտարարեց, որ կրոնական խորհրդանիշների առնչությամբ տեսել են թիրախավորված գործողություններ. «Սա նաև միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ օրինակ՝ մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով՝ այրելով հեռացվել է խաչի տեսքով դաջվածքը: Կամ արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը: Մենք արձանագրել ենք, որ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ իրենց զեկույցներում քննադատում են Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ոտնահարման, ազատազրկման վայրերում կտտանքների ու խոշտանգումների համար: Ըստ Human Rights Watch-ի վերջին զեկույցի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակը շարունակել է առավել վատթարանալ, քանի որ «կառավարությունն ուժեղացրել է ճնշումներն անկախ մեդիայի, քաղաքական ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ լռեցնելով այլախոհությունը և ավելի ամրապնդելով վախի մթնոլորտը»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG