«Ռոսսելխոզնադզոր»-ը հիմա էլ հայկական կաթնամթերքն է վտանգավոր համարել ու արգելել ռուսական շուկայում դրա վաճառքը: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարել է՝ արտադրության մեջ օգտագործվել է հիվանդ կենդանիներից ստացված կաթ և չհաստատված ծագմամբ հումք։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), մինչդեռ, հերքում է. մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն «Ազատությանն» ասաց՝ ապացույցներ չկան:
«Հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել: Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ», - նշեց Հարությունյանը:
Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ հուլիսի 14-21-ը Հայաստանում ՍԱՏՄ-ի հետ են համատեղ ստուգումներ արել ու գտել մի շարք խախտումներ, այդ թվում՝ արտադրանքի հետագծելիության, անասնաբուժական փաստաթղթերի, արտադրական վերահսկողության և ռիսկերի կառավարման համակարգերի հետ կապված: Ռուսական կողմի պնդմամբ՝ ստուգումների ընթացքում արձանագրվել են նույն խախտումները, ինչ 2023-2024-ին: Բացի այդ, ըստ ռուսական գերատեսչության, հաստատվել են դեպքեր, երբ Ռուսաստանի շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ կաթնամթերքի արտադրությունում օգտագործվել է երրորդ երկրներից ներմուծված հումք՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին, թե օգտագործվում է հայկական կամ Եվրասիական տնտեսական միության երկրների ձեռնարկություններից ստացված հումք։
«Հայաստանում մինչ օրս չի ստեղծվել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հաստատել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնային հումքի ծագումն ու անվտանգությունը։ Առանձնապես խնդիր է համարվում ֆիզիկական անձանցից մթերվող կաթի վերահսկողությունը, քանի որ այդ մատակարարները չեն կարող երաշխավորել հանձնվող արտադրանքի անվտանգությունը», - պնդում է «Ռոսսելխոզնադզոր»-ը:
Գերատեսչության գնահատմամբ՝ Հայաստանը բավարար վերահսկողություն չի իրականացնում արտադրողների նկատմամբ, այդ իրավիճակը «Ռոսսելխոզնադզոր»-ը կապում է նաև 2019 թվականին իրականացված պետական կառավարման բարեփոխումների հետևանքների հետ։ Ենթադրվում է՝ նկատի ունեն այն, որ Հայաստանում փակվել է Գյուղատնտեսության նախարարությունը, ու այդ գործառույթը դրվել է Էկոնոմիկայի նախարարության վրա:
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակն ասում է՝ իրենք տարվա ընթացքում միշտ են ստուգումներ անում հայկական կաթնամթերքի բոլոր արտադրամասերում:
«Ստուգումների արդյունքում եթե անհամապատասխանություններ են հայտնաբերվում, Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում», - ընդգծեց Անուշ Հարությունյանը:
«Ազատություն»-ը փորձեց կապ հաստատել այն չորս ընկերությունների հետ, որոնց արտադրանքը «Ռոսսելխոզնադզոր»-ը վտանգավոր է համարել և այդ հիմքով արգելել հայկական կաթնամթերքի վաճառքը: Ընկերություններից մի մասի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց, մյուսներն էլ հրաժարվեցին խոսել:
«Ռոսսելխոզնադզորը» նշել էր, որ հայկական կաթնամթերք արտադրող ընկերություններում ստուգումներ իրականացրել է նաև 2023 և 2024 թվականներին: Այդ ընկերություններից մեկի ներկայացուցիչն «Ազատությանն» ասաց՝ իրենց լուրջ խնդիրների մասին չեն տեղեկացրել, սակայն հետո, երբ հեռացել են, կրկին արգելել են իրենց արտադրանքի մուտքը ռուսական շուկա:
Ընկերությունն իր արտադրանքը հիմա ոչ միայն Հայաստանում է վաճառում, այլև ևս երկու երկիր է արտահանում, սակայն ոչ այն ծավալներով, ինչ Ռուսաստան։ Իսկ ռուսական կողմի հայտարարած խախտումները այս ընկերությունը չի ընդունում:
«Իրենք եկել տեսել են ամբողջ գործունեությունը, ամբողջ արտադրական պրոցեսը, տեսել են ցիստեռններով բերված կաթերը, գյուղերից բերված բոլոր հավաքված կաթերը, իրենց հետագա վերամշակումները, արտադրանք ստանալը և ամբողջ շղթան: Էն որ, ասենք, իրենք սխալ են նկատել, մենք էդ սխալը ուղղել ենք, չէ, սխալ չի եղել, որ մենք ուղղենք: Անարդար էր ընդհանուր փակելը», - ընդգծեց ընկերության ներկայացուցիչը:
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների լայնածավալ փուլը սկսեց այս տարվա ապրիլի վերջից՝ հետագայում ընդլայնելով այն մայիս-հունիս ամիսներին։ Սահմանափակումներ կամ արգելքներ կիրառվեցին հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական ապրանքների՝ մրգերի, բանջարեղենի և հատապտուղների ներմուծման նկատմամբ:
Տնտեսվարողներից շատերը սա քաղաքական ճնշում են համարում՝ կապված Հայաստանի եվրոպական ձգտումների հետ: Նրանք նշում են, որ սահմանափակումների հետևանքով չեն կարողանում իրենց արտադրանքը հասցնել երբեմնի ամենամեծ ու ամենամոտ ռուսական շուկա։ Ու չնայած Բրյուսելի կողմից հայտարարված աջակցությանը՝ տնտեսվարողներից շատերն ընդգծում են, որ եվրոպական շուկա մտելը հեշտ գործ չէ, տարիներ են հարկավոր գործընկերներ ձեռք բերելու և իրենց ապրանքն այնտեղ ճանաչելի դարձնելու համար:
Բեռնափոխադրողներից մեկն «Ազատությանն» ասաց՝ այն, ինչ առայժմ դուրս է մնացել ռուսական սահմանափակումների ցանկից, միևնույն է՝ մեծ դժվարությամբ են հասցնում Ռուսաստան:
«Անցած անգամ պահածո եմ տարել, դասմոտր են մտցրել, մոտավորապես 200 հազար ռուբլի փող են վեկալել դասմոտր անելու համար, պլյուս մի շաբաթ ավտոն կանգնել ա Լարսում: Բեռը իդեալական ա եղել, էլի մեկ ա գրում են, իրանց փողը առնում են, 200 հազար ռուբլի՝ մոտավորապես մի 900 հազար դրամ ա», - ասաց «Ազատության» զրուցակիցը:
ՄԱԿ-ի միջազգային առևտրի վիճակագրական բազայի տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման գումարային ծավալը վերջին տարիներին նվազել է։ Եթե 2023-ին այն կազմել է 19.8 մլն դոլար, իսկ 2024-ին՝ 19.5 մլն, ապա 2025-ին դարձել է 16.2 մլն դոլար։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում արտահանման արժեքը նվազել է շուրջ 18 տոկոսով, իսկ 2023 թվականի համեմատ՝ մոտ 19 տոկոսով։
Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 52 մլն եվրոյի աջակցություն՝ տնտեսության դիմակայունությունն ուժեղացնելու, արտահանման նոր շուկաներ գտնելու և հայկական արտադրողների՝ եվրոպական շուկա մուտքը հեշտացնելու նպատակով։