«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, թե տասնյակ խախտումներ է արձանագրել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստան ներկրվող ապրանքներում։
Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությանը հայտնել են կառույցից։
Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե ինչ ապրանքների մասին է խոսքը, միայն նշել են, որ «շրջանառությունից հանվել է ավելի քան 118 հազար փաթեթ»։
«Ռոսպոտրեբնադզոր»-ն ապրանքների պետական գրանցման վկայականների միասնական ռեգիստրի մոնիտորինգի ժամանակ Մաքսային միության օրենսդրության պարտադիր պահանջներին չհամապատասխանող 48 սննդային հավելում է հայտնաբերել ապրանքներում, որոնք գրանցված են ՀՀ լիազոր մարմինների կողմից ինչը ոչ անվտանգ ապրանքների շրջանառության ռիսկեր է ստեղծում», - «Ռոսպոտրեբնադզոր»-ի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին՝ այս տարվա մարտին «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել հայկական Max Fish ընկերության արտադրանքի նկատմամբ: Ընկերությունն այստեղ քաղաքական ենթատեքստ էր տեսել: Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 12-ն էլ հայկական «Ջերմուկ Գրուպ»-ի առանձին խմբաքանակների վաճառքն էր արգելել Ռուսաստանում: Ըստ Մոսկվայի՝ խնդիրներ էին առաջացել նաև հայկական կաթնամթերքի, պտուղ բանջարեղենի հետ։
Հուլիսին հաղորդվել էր, որ Ռուսաստանը սահմանափակել է 16 ընկերությունների մուտքը ռուսական շուկա։ «Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանի գործընկերներին տեղեկացրել էր, թե ապրիլից հունիս Ռուսաստան ներմուծված պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակը թույլատրելիից ավելին է եղել, այդ պատճառով են արգելել։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Մոսկվայի այս քայլը Հայաստանում քննարկվում է նաև քաղաքական տեսանկյունից՝ որպես պատիժ դաշնակցի նկատմամբ։