Reuters գործակալության տեղեկություններով՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Իսրայելի և Սիրիայի միջև վերջին ամիսներին ընթացող բանակցությունները հայտնվել են փակուղում։ Այս մասին գործակալությանը տեղեկացրել են բանակցությունների ընթացքին ծանոթ միանգամից չորս աղբյուրներ։
Դրանց համաձայն՝ Դամասկոսի և Թել-Ավիվի շփումները անարդյունք են ավարտվել իսրայելական կողմի՝ բանակցությունների ավարտական փուլում ներկայացրած նոր պահանջի պատճառով։
Reuters-ի պնդմամբ՝ Նեթանյահուի կառավարությունը սիրիական իշխանություններից պահանջել է մարդասիրական միջանցք բացել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների և դրուզներով բնակեցված Սուեյդա նահանգի միջև։ Սիրիական կողմը իսրայելցիների այս պահանջը մերժել է։ Սիրիայի և Իսրայելի միջև բանակցությունները ընթանում են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջնորդությամբ։ Դրանց նախորդ փուլերը կայացել էին Բաքվում, Փարիզում և Լոնդոնում։