Մատչելիության հղումներ

Ռեստորանային ցանցի նախկին ղեկավարը՝ ԵՄ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու


Էնդրյու Պացդեր, արխիվ
Էնդրյու Պացդեր, արխիվ

Վաշինգտոնի և Բրյուսելի հարաբերություններում աճող տարաձայնությունների ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկում է արագ սննդի ամերիկյան ռեստորանային ցանցի նախկին ղեկավար Էնդրյու Պացդերի թեկնածությունը։

Սպիտակ տան ղեկավարը նրան բնորոշում է որպես «հաջողակ փաստաբան, գործարար, տնտեսական մեկնաբան, հեղինակ»:

Արտաքին քաղաքականության, դիվանագիտության ոլորտներում աշխատանքի փորձ չունեցող Պացդերը, ըստ Թրամփի, այլ տաղանդներ ունի՝ նա իր նախկին երկարամյա պաշտոնում կարողացել է ռեստորանային ցանցը փրկել կործանումից և ապահովել դրա հետագա զարգացումը:

«Էնդին հիանալի աշխատանք կկատարի՝ ներկայացնելով մեր պետության շահերը այս կարևոր տարածաշրջանում», - համոզված է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նույն վստահությամբ 8 տարի առաջ էլ Պացդերին աշխատանքի նախարարի պաշտոնում էր առաջադրել, նշանակումը, սակայն, ձախողվեց։ Պատճառը ոչ միայն երկրում նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցում գործարարի բացասական կոշտ դիրքորոշումն էր, ինչը քննադատության մեծ ալիք բարձրացրեց, այլև նախկին աշխատավայրում նրա վիճահարույց որոշումները, ինչպես նաև անձնական կյանքի մանրամասները․ 74-ամյա ամերիկացի գործարարի նախկին կինը պնդում էր, որ ամուսնու կողմից բռնության է ենթարկվել, նաև պարզվել է, որ Պացդերի տանը տարիներով անօրինական ներգաղթյալ էր աշխատում որպես տնային տնտեսուհի՝ կասկածելի աշխատանքային պայմաններով։ Եվ թեև բոլոր մեղադրանքները հաջողակ կառավարիչը կտրականապես հերքում էր, այդուհանդերձ, Թրամփն այդ ժամանակ հրաժարվեց իր վարչակազմում նրան պաշտոն տալու նախաձեռնությունից։

Ամերիկյան ֆասթֆուդի ցանցի նախկին ղեկավարի՝ Եվրամիություն որպես դեսպան գործուղելու հնարավորությանը դաշինքից առայժմ չեն արձագանքել:

Ինքը՝ Թրամփի վաղեմի աջակիցը դեռ ամիսներ առաջ էր հեռուստատեսությամբ հայտարարել, որ մեծ հաճույքով կընդունի հանրապետական նախագահի, իր բնորոշմամբ, հրաշալի վարչակազմում ցանկացած պաշտոն զբաղեցնելու առաջարկը։
«Ինձ համար պատիվ է ընդունել ցանկացած պաշտոն, որը նախագահը կառաջարկի զբաղեցնել։ Սա հրաշալի վարչակազմ է, լինել նման թիմի ներկայացուցիչ՝ պատիվ է», - Fox News-ի եթերում հայտարարում էր Պացդերը։

Պացդերի հնարավոր պաշտոնամուտը տեղի կունենա երբեմի մերձավոր դաշնակիցների հարաբերություններում լարվածության և անորոշության պայմաններում։ Սպիտակ տուն վերադառնալուց հաշվված ժամեր անց նախագահ Թրամփը սպառնաց առևտրային մաքսատուրքեր սահմանել եվրոպական դաշինքի համար՝ եվրոպական երկրներին մեղադրելով ամերիկյան մեքենաներ և գյուղմթերք, նավթ ու գազ չգնելու համար․-
«Նրանք մեզ հետ շատ, շատ վատ են վարվել: Այսպիսով, նրանք պետք է պատրաստ լինեն մաքսատուրքերին: Դա արդարության հասնելու միակ ճանապարհն է»:

Reuters-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը մասնավորապես մտադիր է մինչև 10 տոկոս մաքսատուրքեր սահմանել արտասահմանյան ապրանքների համար` առանց բացառության, եթե Բրյուսելը չմեծացնի Նահանգների հետ առևտրի ծավալները։

Փորձագետների գնահատմամբ՝ սա բացի երկկողմ լարվածությունից հղի է նաև տնտեսական հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ։

Եվրամիության գործադիր իշխանությունը դեռ չի հստակեցնում՝ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել նման սցենարը կանխելու համար, Եվրահանձնաժողովը միայն հայտարարել է, որ վճռական են տրամադրված Թրամփի նոր վարչակազմի հետ հարաբերություններում դաշինքի շահերը պաշտպանելու հարցում և հույս ունեն, որ ընդհանուր հայտարարի կգան։

Վերադառնալով ԱՄՆ նոր ձևավորվող կառավարությանը, Սպիտակ տան ղեկավարը երեկ հայտարարեց նաև Գաղտնի ծառայության նոր ղեկավարի թեկնածուի անունը՝ Շոն Կուրան․ նա անցած տարի հուլիսին տեղի ունեցած մահափորձի ժամանակ Դոնալդ Թրամփին փրկած թիկնապահն է։ 2001 թվականից Գաղտնի ծառայությունում աշխատող Կուրանի մասին շատ բան հայտնի չէ․ ամերիկյան աղբյուրների համաձայն՝ նա Թրամփի թիկնապահներից է առաջին նախագահությունից ի վեր։ Նախագահը նրան անվանել է «մեծ հայրենասեր», որը «սեփական կյանքն անգամ չի խնայել» իրեն մարդասպանի փամփուշտից փրկելու համար»։

ԱՄՆ 47-րդ նախագահն, ի դեպ, չի մոռացել իր հարյուրավոր այլ աջակիցների, ովքեր 2021 թվականի հունվարի 6-ին գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ պետք է հաստատվեր Թրամփի մրցակից՝ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Այդ օրը ճեղքելով ոստիկանական պատը՝ Թրամփի բազմաթիվ աջակիցներ ներուժել էին Կոնգրեսի շենք, խափանելով ընտրությունների արդյունքների վավերացումը։ Զոհեր են եղել թե՛ ցուցարարների և թե՛ Կապիտոլիումը պաշտպանող ուժայինների շրջանում: Մեծ թվով մարդիկ էին վնասվածքներ ստացել, հարյուրավորները ձերբակալվել էին: Սպիտակ տուն վերադառնալով Թրամփի ստորագրած առաջին հրամանագրերից մեկը նրանցից շատերին համաներում շնորհելու մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG