Հունվարի 21-ի գիշերը Սմոլենսկի շրջանը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու սարքերի կողմից։ Ականատեսները հայտնում են պայթյունների ձայների և գործողության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերի մասին։
Խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են բազմահարկ շենքերի տանիքներին ու բակերում։
ASTRA տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ԱԹՍ հարձակումից հետո հրդեհ է բռնկվել ավիացիոն գործարանում։
Սմոլենսկի մարզի նահանգապետ Վասիլի Անոխինը սոցցանցերում հայտնել է ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու մասին։
«Գետնին և առանձին շենքերի տանիքներում անօդաչու թռչող սարքերի բեկորների վայր ընկնելու հետևանքով տանիքում հրդեհներ են նկատվել, վնասվել են նաև բնակելի շենքերի պատուհանները»,- նշել է մարզի ղեկավարը՝ հավելելով՝ տուժածներ չկան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երեքշաբթի գիշերը ռուսական վեց շրջանների վրա 55 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Բրյանսկի շրջանի տարածքում 22 անօդաչու թռչող սարք է խոցվել, Ռոստովի մարզի տարածքում՝ 12 անօդաչու թռչող սարք, Սմոլենսկի շրջանում՝ 10, Վորոնեժի շրջանում՝ 6, Սարատովի մարում՝ 4։ Կուրսկի շրջանում մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել:
Տեղեկությունն անկախ աղբյուրներով հնարավոր չէ ստուգել։