Մատչելիության հղումներ

«15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի». Փաշինյանի արձագանքը ԱԺ-ում սկանդալից հետո


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

«Պարզվում է, որ մենք խոսել չգիտենք, որովհետև հենց սկսում ենք խոսել, 15 -րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի: Ու սա շատ լուրջ պրոբլեմ է». - վարչապետ Փաշինյանը խոսելու մշակույթին անդրադարձավ այսօր Կառավարության նիստում՝ ժողովրդագրության ու արտագաղթի խնդիրների մասին խոսելիս։ Նա, սակայն, այդպես էլ չհստակեցրեց՝ արդյոք «աթոռներն իրար գլխի տալ» ասելով նկատի ուներ օրերս խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահի և «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած սկանդալը։

Փաշինյանը մինչև այս պահը չի դատապարտել խորհրդարանում տեղի ունեցածը:

Պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնած լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը դահլիճից իրեն ուղղված ռեպլիկին ի պատասխան, իր բնորոշմամբ՝ «սև շորերով» մի պատգամավորի էր թիրախավորել , ապա սպառնացել. - «Բան ասեցի՞ք դուք, այ սև շորերով պատգամավորը, ձեր մասին է խոսքը, կողքերը մի նայեք»:

Թե ով է Քյարամյանի հասեցին ռեպլիկ բաց թողած անձը, հստակ չէ:

Ամեն դեպքում, ըստ մամուլի, նա իշխանական պատգամավոր Արփինե Դավոյանի օգնականն է, ով այդ պահին նստած էր Դավոյանի կողքին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, թե ՔՊ-ական պատգամավորի օգնականն ասել էր. - «Համբալի կուռաժիտ լինելը նայեք»:

Պատգամավորի օգնական Ներսես Խաչատրյանը, սակայն, հերքում է, թե ինքն է Արգիշտի Քյարամյանի հասցեին վիրավորական ռեպլիկ նետողը: «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Քննչական կոմիտեի նախագահին պարզապես թվացել է, թե ինքն է եղել, բայց ինքը նման բառապաշար չի օգտագործում:

«Այլանդակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Էդ «համբալ», «կուռաժիտ» լինելը չգիտեմ ով է շրջանառության մեջ դրել... Ինքը ինձ հարցրեց, ասեց՝ «բան էիք ասո՞ւմ», ասեցի՝ «ե՞ս», ասեց՝ «հա», ասի՝ «ոչ», որովհետև ես բան չէի ասում: Այսինքն, նշանակում է՝ եթե ինքը ինձ նկատի ունի, ուրեմն նշանակում է ես եմ ասե՞լ», - նշեց Խաչատրյանը:

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, ով խորհրդարանում մեղադրում էր Քննչական կոմիտեի ղեկավարին իր նկատմամբ ճնշումներ գործադրելու, նաև կալանքը որպես ճնշում կիրառելու արատավոր պրակտիայի մեջ, հենց խորհրդարանում անթույլատրելի էր համարել Քյարամյանի վարքը:

«Եվ ինչ-որ մեկն էլ, ես չգիտեմ ով էր, ռեպլիկ է բաց թողնում, դուք շատ կոպիտ ձևով արձագանքում եք, դուք դրա իրավունքը չունեք», - ասել էր ՔՊ-ական պատգամավորը:

«Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, ով որ կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել, և եթե էղել էդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի», - հայտարարել էր ՔԿ նախագահը:

«Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի, ձեր թաղը չի ստեղ, ստեղ Ազգային ժողով է», - հակադարձել էր իշխանական պատգամավորը:

Քյարամյանն էլ արձագանքել էր, թե Աղազարյանի որդու քրեական գործով երկու անգամ իրեն դիմել են, ՔՊ-ական պատգամավորին մեղադրելով հովանավորչության մեջ:

«Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք էս հարցին», - հայտարարել էր Քննչական կոմիտեի նախագահը:

Աղազարյանն էլ Արգիշտի Քյարամյանից պահանջել էր անուններ տալ՝ պնդելով, որ հակառակ դեպքում Քննչական կոմիտեի նախագահը ստախոս է։

Կհրապարակի՞ ի վերջո Քննչական կոմիտեի նախագահը, թե ովքեր են իշխանական պատգամավորի որդու քրեական գործեվ միջնորդել իրեն: Կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ մեկնաբանություն չունեն:

Արդյո՞ք Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պատգամավորի կողմից ենթադրյալ հովանավորչության և Քննչական կոմիտեի նախագահի կողմից կալանքը որպես ճնշման միջոց կիրառելու մասին հայտարարությունները: Գլխավոր դատախազությունից հորդորեցին հարցը գրավոր ուղարկել, ինչն արել ենք:



XS
SM
MD
LG