Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 2027 թվականի և 2028–2029 թվականների պլանավորման ժամանակահատվածի համար դաշնային բյուջեի նախագիծը, որում առաջարկում է եկամտահարկի հնգաստիճան պրոգրեսիվ սանդղակը տարածել նաև ֆիզիկական անձանց եկամտի վրա, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Սա վերաբերում է դիվիդենտներին, ավանդներից ստացվող տոկոսներին, արժեթղթերի գործարքներից, ինչպես նաև գույքի և բաժնեմասերի վաճառքից ստացված եկամուտներին: Ներկայումս նման եկամուտների համար կիրառվող դրույքաչափերը 13% և 15% են: Ֆինանսների նախարարության առաջարկության համաձայն՝ առավելագույն դրույքաչափը կաճի մինչև 22%, և դրա չափը կախված կլինի եկամտի չափից, այլ ոչ թե ստացման աղբյուրից:
Պատերազմի մասնակիցները՝ բացառություն
Ֆինանսների նախարարությունն այս փոփոխությունը բացատրել է «հարկման մակարդակների միավորման» անհրաժեշտությամբ։ Նախարարությունը համարում է, որ այս փոփոխությունը կվերաբերի հարկվող եկամուտ ունեցող բնակչության ոչ ավելի, քան 6%-ի՝ մոտ չորս միլիոն մարդու։ Փոփոխությունները չեն տարածվի Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցների եկամուտների վրա։
Բյուջետային փաթեթը ներառում է նաև այլ հարկային փոփոխություններ: Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմաններից դուրս էլեկտրոնային եղանակով վաճառվող ապրանքների համար ներդնել 22% ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ստանդարտ դրույքաչափ: Էլեկտրոնային առևտրի հարթակները կգործեն որպես հարկային գործակալներ: Ավելին, այն առաջարկում է 100 ռուբլի մաքսատուրք գանձել մինչև 200 եվրո արժողությամբ անձնական օգտագործման ապրանքներ պարունակող յուրաքանչյուր ծանրոցի համար:
Ոչ ռեզիդենտների դիվիդենտների շահութահարկը՝ 35%
Փոխադարձ ներդրումային ֆոնդերի համար առաջարկվում է պասիվ եկամտի 15% շահութահարկի դրույքաչափ։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ոչ ռեզիդենտների C տիպի հաշիվներին փոխանցվող դիվիդենտների շահութահարկը բարձրացնել մինչև 35%։
C տիպի հաշիվները հատուկ ռուբլով հաշիվներ են, որոնք ներդրվել են Ռուսաստանում՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց և 2022 թվականին Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո, Ռուսաստանի համար, այսպես կոչված, «ոչ բարեկամական» պետությունների օտարերկրյա պարտատերերի և ակտիվների սեփականատերերի հետ հաշվարկներ կատարելու համար։
Հանքարդյունաբերություն և մետալուրգիա
Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի որոշակի ձեռնարկությունների համար առաջարկվում է հարկել լրացուցիչ եկամտի 30%-ը, որը ստացվում է պինդ հանքանյութերի համաշխարհային գների բարձրացման հաշվին (2025 թվականի մակարդակի համեմատ): Ոսկու համար դրույքաչափը կկազմի 20%:
Նախատեսվում է, որ դաշնային բյուջեն երեք տարիների ընթացքում տարեկան մոտ ՀՆԱ-ի 2%-ի չափով դեֆիցիտ կունենա: Բյուջետային հաշվարկների համար ռուսական նավթի բազային գինը սահմանվել է մեկ բարելի համար 50 դոլար: Ավելի բարձր իրական գնից ստացված եկամուտները, ինչպես կանխատեսվում է, կուղղվեն Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամ:
«Ռազմավարական առաջնահերթություն»
Ֆինանսների նախարարությունը բյուջեի «ռազմավարական առաջնահերթություն» է անվանել պաշտպանության և անվտանգության ոլորտների ֆինանսավորումը, ինչպես նաև Ուկրաինայում արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին աջակցություն տրամադրելը։ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ նախագիծը պետությանը հնարավորություն կտա կատարել իր պարտավորությունները և պահպանել մակրոտնտեսական կայունությունը։
Նախորդ եռամյա բյուջեն՝ 2026 թվականի և 2027–2028 թվականների պլանավորման ժամանակահատվածի համար, նույնպես կազմվել էր դեֆիցիտով։ Այն, ի թիվս այլ բաների, ներառում էր ԱԱՀ-ի հիմնական դրույքաչափի երկու տոկոսային կետով բարձրացում՝ մինչև 22%։