Չինաստանի կողմից հազվագյուտ հողային հանքանյութերի արտահանման նկատմամբ սահմանված վերջին ռեժիմը կարող է ոչ միայն վերսկսել առևտրային պատերազմը Միացյալ Նահանգների հետ, այլև հեռահար հետևանքներ ունենալ Ուկրաինայի վերազինման և Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների զարգացման վրա։
Պեկինի և Վաշինգտոնի միջև լարվածությունը կրկին բորբոքվեց հազվագյուտ հողային հանքանյութերի շուրջ։ Խոսքը 17 հազվագյուտ տարրերի մասին է, որոնք օգտագործվում են գրեթե ամենուր՝ էլեկտրական մեքենաների մարտկոցներից մինչև սմարթֆոններ և կենսական նշանակություն ունեցող պաշտպանական տեխնոլոգիաներ։ Հոկտեմբերի 9-ին Չինաստանը արտահանման վերահսկողության ռեժիմ սահմանեց ևս հինգ հազվագյուտ հողային մետաղների վրա՝ ապրիլին արդեն սահմանափակված յոթ մետաղներից բացի։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 10-ին խոստացավ լրացուցիչ 100 տոկոս մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։
«Պեկինի քայլը ուշագրավ է այն առումով, թե ինչպես է Չինաստանը օգտագործում իր ազդեցությունը՝ որպես աշխարհի խոշորագույն առևտրային երկիր, և արտադրական մատակարարման շղթաների իր գերիշխող դիրքը՝ միջազգային հարաբերություններում իր հզորությունը ամրապնդելու համար», - գրել է Լոնդոնում գործող Chatham House վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ջեյմս Քինգը Չինաստանի նոր սահմանափակումների վերաբերյալ իր վերլուծության մեջ։
Այս զարգացումները տեղի են ունենում Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջև հնարավոր հանդիպումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Վերլուծաբանները սա դիտարկում են որպես Պեկինի երկարաժամկետ ռազմավարության կտրուկ սրում՝ հազվագյուտ մետաղների ոլորտում իր գերիշխող դիրքը լծակի վերածելու նպատակով։ Աշխարհի հազվագյուտ մետաղների արդյունահանման ավելի քան 70 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին։ Այդ երկիրը նաև ապահովում է հազվագյուտ մետաղների տարանջատման և վերամշակման 90 տոկոսը և մագնիսների արտադրության 93 տոկոսը։
Սահմանափակումները նշանակում են, որ օտարերկրյա ընկերությունները պետք է հատուկ թույլտվություններ ստանան Պեկինից, եթե ցանկանում են Չինաստանից արտահանել հազվագյուտ մագնիսներ և որոշակի կիսահաղորդչային նյութեր, որոնք պարունակում են առնվազն 0,1 տոկոս հազվագյուտ մետաղներ։
Ըստ նոր կանոնների՝ արտահանման լիցենզիաները հիմնականում կմերժվեն այն ընկերություններին, որոնք որևէ կապ ունեն օտարերկրյա, այդ թվում՝ Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ։
«Վերջերս հայտարարված սահմանափակումները Չինաստանի կողմից մինչ օրս իրականացված ամենաազդեցիկ միջոցառումն են, որոնք ուղղված են պաշտպանության ոլորտի դեմ», - ասել է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կարևորագույն հանքանյութերի անվտանգության ծրագրի տնօրեն Գրեյսլին Բասկարանը։
«Փաստորեն, այս քաղաքականությունը նպատակ ունի կանխել չինական ծագում ունեցող հազվագյուտ հանքանյութերի կամ դրանց հետ կապված տեխնոլոգիաների ուղղակի կամ անուղղակի ներդրումը օտարերկրյա պաշտպանական ոլորտի մատակարարման շղթաներում», - հավելել է նա։
Ի՞նչ է սա նշանակում Եվրոպայի և Ուկրաինայում պատերազմի համար
Չինաստանի այս քայլը մտահոգություններ է առաջացրել Եվրոպայում այն առումով, որ դա կարող է խոչընդոտել Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ջանքերին։
Ներկայումս Միացյալ Նահանգները համաձայնել է վաճառել առաջադեմ զենք Եվրոպայում գտնվող իր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք այնուհետև կփոխանցեն այդ զենքը Կիևին՝ Ռուսաստանի ներխուժումը հետ մղելու համար։ Եվրոպական կառավարությունները նաև տեղական արտադրության զենք են մատակարարում Ուկրաինային։
Սակայն առաջադեմ զենքերից և ռազմական սարքավորումներից շատերը կախված են հազվագյուտ մետաղներից, օրինակ՝ F‑35 կործանիչները, «Վիրջինիա» և «Կոլումբիա» դասի սուզանավերը, ռադարային համակարգերը, Predator անօդաչու թռչող սարքերը, JDAM (Joint Direct Attack Munition) շարքի խելացի ռումբերն ու Tomahawk հրթիռները։
Չնայած շատ ներմուծողներ, այդ թվում՝ Պենտագոնը, պահուստում ունեն հազվագյուտ մետաղների պաշարներ, նոր սահմանափակումները կարող են ազդել Ուկրաինային մատակարարումների վրա, հատկապես՝ հաշվի առնելով, որ, ըստ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի, Միացյալ Նահանգները դժվարություններ ունի բազմաթիվ առաջադեմ զենքերի արտադրության տեմպը պահպանելու հարցում։
Չինաստանում Եվրոպական առևտրի պալատն արդեն հայտարարել է, որ նոր սահմանափակումներն «ավելի են բարդացնում հազվագյուտ մետաղների համաշխարհային մատակարարման շղթաները»։ Մինչդեռ պաշտոնյաները նշել են, որ Չինաստանի կողմից դեռ ապրիլին մտցված՝ յոթ հազվագյուտ մետաղների հետ կապված սահմանափակումների պատճառով արդեն իսկ գործ ունեն Պեկինի հաստատմանը սպասող արտահանման լիցենզիաների դիմումների կուտակման հետ։
Կարո՞ղ է Կենտրոնական և Հարավային Ասիան օգնել նվազեցնել Չինաստանի գերիշխանությունը հազվագյուտ մետաղների ոլորտում
Չինաստանի կողմից սահմանված արտահանման վերահսկողության նոր ռեժիմը ուժի մեջ կմտնի միայն դեկտեմբերին, մինչդեռ Թրամփի կողմից հայտարարված լրացուցիչ մաքսատուրքերը նախատեսվում է կիրառել արդեն նոյեմբերի 1-ից։
Սակայն Չինաստանի գրեթե մենաշնորհային դիրքը հազվագյուտ մետաղների արդյունահանման և վերամշակման ոլորտում արդեն իսկ այլ երկրների դրդում է ուսումնասիրել այլընտրանքներ՝ իրենց կախվածությունը մեղմելու համար։
Պակիստանը սեպտեմբերին 500 միլիոն դոլարի փոխըմբռնման հուշագիր է ստորագրել US Strategic Metals մասնավոր ամերիկյան հանքային ընկերության հետ, իսկ հազվագյուտ մետաղների առաջին խմբաքանակը մատակարարվել է հոկտեմբերի սկզբին։
Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն նախատեսում են մուտք գործել նաև ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիա, որը կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի զգալի պաշարներ ունի։
Վաշինգտոնը հիմնել է C5+1 հարթակը՝ Կարևորագույն հանքանյութերի երկխոսությունը (Critical Minerals Dialogue), Մեծ յոթնյակի (G7) Գլոբալ ենթակառուցվածքների և ներդրումների գործընկերությունը (PGII), ինչպես նաև Կենտրոնական Ասիայի հետ ստորագրել է երկկողմանի փոխըմբռնման հուշագրեր։
Միևնույն ժամանակ, կարևորագույն հանքանյութերն ու հազվագյուտ հողային տարրերը հիմնական թեմաներից էին Եվրամիության և Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդների միջև ապրիլին Սամարղանդում կայացած գագաթնաժողովում։
Ապրիլին Ղազախստանը նաև հայտարարեց, որ հայտնաբերել է ավելի քան 20 միլիոն մետրիկ տոննա հազվագյուտ հողային տարրերի պաշարներ։ Այս պնդումը դեռևս միջազգային ընկերությունների կողմից հաստատման կարիք ունի, սակայն եթե այն ապացուցվի, Ղազախստանը կդառնա հազվագյուտ մետաղների պաշարներով երրորդ խոշորագույն երկիրն աշխարհում՝ Չինաստանից և Բրազիլիայից հետո։
Մինչ Ղազախստանը գրավում է միջազգային ուշադրությունը, կան մի քանի գործոններ, որոնք խանգարում են Կենտրոնական Ասիային հազվագյուտ մետաղների և կարևորագույն հանքանյութերի հսկա դառնալու ճանապարհին։
Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնի՝ Ատլանտյան խորհրդի՝ այս տարվա սկզբին հրապարակված զեկույցում ասվում է, որ տարածաշրջանին խոչընդոտում են տարանցման բարձր ծախսերը, արտահանման համար ենթակառուցվածքների բացակայությունը և «բարձր ռիսկային ներդրումային միջավայրը, որը զգալիորեն նվազեցնում է տարածաշրջանի առևտրային կենսունակությունը»։
Զեկույցի հեղինակները եզրակացնում են, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում Միացյալ Նահանգները պետք է ապավինի այնպիսի երկրների, որոնք ունեն հանքային հարստության ավելի զարգացած արտահանման ոլորտներ, ինչպիսիք են Կանադան և Չիլին։
«Կարևոր հանքային գործընկերությունների արագ ապահովումը կենսական նշանակություն ունի Միացյալ Նահանգների ջանքերի համար՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պետք է զգուշանա Կենտրոնական Ասիայի հնարավորությունների վերաբերյալ անիրատեսական սպասումներից», - ասված է զեկույցում։