Մատչելիության հղումներ

ՔՊ-ական պատգամավորները չեն պատրաստվում մասնակցել արտահերթ նիստին


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, արխիվ

Դատելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարություններից՝ արդեն իսկ կարելի է ասել, որ այսօր՝ 18։30-ին նախատեսված ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չի ունենա։

Ընդդիմադիրները նիստ են հրավիրել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձի նախագիծը քննարկելու համար։ Որպեսզի այդ քննարկումը տեղի ունենա, առնվազն 54 պատգամավոր պետք է ներկայանա՝ քվորում ապահովվի։ Իսկ սա նշանակում է, որ առանց իշխող ՔՊ-ի պատգամավորների նիստը կայանալ չի կարող։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում այսօր ասում էին, որ նիստին չեն ներկայանա։

«Հիմնավորումն այն է, որ մենք ունենք լեգիտիմ ընտրված վարչապետ, և մենք դրա կարիքը չենք զգում։ Թող գնան, պարապեն լավ, տնային աշխատանք կատարեն, 2026թ. կգան ընտրությունների, կարող է հաղթեն», - ասաց պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախորդ շաբաթ միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ ԱԺ խորհուրդը մերժել էր խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների միջնորդությունը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի` «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագծի օրակարգով։

Նիստը հրավիրելու մասին խոսել էր վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բաղրամյան պողոտան մի քանի օր փակելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG