Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» տարվա առաջին նիստն անաղմուկ չանցավ: Իշխանականները վարչապետի գլխավորությամբ երեկ ընդլայնված կազմով էին հավաքվել, որ քննարկեն անտառահատումների հարցը: Ըստ մամուլի՝ հանդիպումն ավարտվել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև քաշքշուկով:
Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, Ղալումյանը քաշքշուկի վերաբերյալ լուրերը հերքեց:
«Լրատվամիջոցներում էդ տեղեկատվությունը որ կա, 99 տոկոս սուտ է՝ և՛ քաշքշոցի, և՛ խոսակցության: Մենք, հա, կարող ա խոսացած լինենք իրար հետ, բայց մեկս մյուսին հասկանալով, լրիվ ըմբռնելով, իրականությունը գնահատելով», - «Ազատությանն» ասաց Տավուշի մարզպետը:
«Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի երեկվա նիստի մասին հաղորդագրությունը շատ կարճ էր՝ միայն նշված էր, որ քննարկվել են անտառների կառավարման հարցերը: Մի փոքր ավելին էր վարչապետի հրապարակած տեղեկությունը: Փաշինյանը մոտ մեկ րոպեանոց տեսանյութ էր հրապարակել և գրել, թե բուռն քննարկում են ունեցել: Կադրերում երևում է, որ ելույթ ունեցողներից մեկը հենց Հայկ Սարգսյանն է: Մամուլը գրում է, թե նրա զեկույցն է դարձել վեճի պատճառը: ՔՊ-ական պատգամավորը դժգոհել է ծառահատումներից՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով դեպի Տավուշի մարզպետը:
Հայկ Ղալումյանն այսօր ուղիղ չասաց՝ արդյոք Սարգսյանն ապօրինի ծառահատումների համար իրեն է մեղադրել:
«Ոչ մեկ չի կարող հերքել, որ կարող են անտառագողության, փայտանյութի գողության հետ կապված դեպքեր արձանագրվել, բայց դա համակարգված բնույթ չի կրում; Քննարկվել ա ընդամենը էդ թեման, կոնկրետ ոչ մեկին մեղադրանք չի առաջադվել», - վստահեցրեց մարզպետը:
Տավուշի մարզպետարանը, Ղալումյանի պնդմամբ, անտառահատումները կանխելու որևէ գործառույթ չունի: Մարզպետն ընդգծում է՝ ծառահատումներն 90 տոկոսով կրճատվել են, 10 տոկոսի ուղղությամբ էլ աշխատում են համապատասխան մարմինները: Ղալումյանը մանրամասնեց՝ սրա շուրջ ՔՊ-ում երեկ ծավալված քննարկմամբ էլ հենց դա է արձանագրվել:
Քաշքշուկի փաստն այսօր հերքեց նաև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը. - «Միջադեպ ուղղակի չի եղել, տասնյակ մարդիկ են եղել, էդ քննարկման ժամանակ որևէ միջադեպ չի եղել: Կարող ա հանդիպումից հետո երկու գործընկեր որևէ ուղղակի խոսել են, որևէ քաշքշուկ չի եղել, որևէ քաշքշուկի ականատես չեմ եղել, մասնավորապես՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև որևէ քաշքշուկի նման բան չի եղել, անգամ մոտիկ բան չի եղել։ Միգուցե կարող ա որևէ խոսակցություն ա եղել, կողքից մարդիկ այլ տպավորություն են ստացել»:
Երեկվա նիստում ելույթ ունեցողներից մեկն էլ Հակոբ Սիմիդյանն էր: Նախարարը տեսանյութում խոսում էր մուրճը ձեռքին։
«Էդ մուրճը նոր գործիք է, որով պիտակները դնում են, և հնարավոր չի վերացնել էդ պիտակները: Էդ մուրճը ուղղակի օրինակի համար, ցուցադրելու համար տարել էի գործընկերներին ցույց տալու», - բացատրեց Սիմիդյանը:
Հնարավո՞ր է՝ ոլորտում առկա խնդիրների պատճառով պաշտոնից հեռանալու մի SMS էլ ստանա Հակոբ Սիմիդյանը: Նիկոլ Փաշինյանը Կառավարության մի շարք անդամների հենց հաղորդագրությամբ էր հորդորել ազատման դիմում գրել: Նրա թիմակցին այդքան էլ հաճելի չէ SMS-ով պաշտոնը թողնելու սցենարը:
«Ես էդ SMS հասկացությանը լավ չեմ վերաբերվում, տենց ինչ-որ բան ա դառել, խոսակցության ինչ-որ առարկա ա դառել: Ի՞նչ ասեմ SMS-ի վերաբերյալ: Քննարկում ենք ունեցել երեկ մեր կուսակցությունում, դրանից հետո որևէ անձնական հետևանք չկա», - վտահեցրեց նախարարը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը տեղադրած տեսանյութում թիմակիցների է դիմում՝ հորդորելով որոշումներ կայացնել, հետո երևում են ՔՊ-ականների ձեռքերը՝ վեր պարզած. ըստ երևույթին որոշում էին ընդունում: