Մատչելիության հղումներ

Քննչականը հաղորդում է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության ևս մեկ դեպք բացահայտելու մասին


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեն հաղորդում է, թե իշխանության յուրացման նախապատրաստության նոր գործ է բացահայտել, որով մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու, 3-ը կալանավորված են, 4-ը՝ հետախուզման մեջ։

Ըստ իրավապահների, խումբը կապ է ունեցել Ռուսաստանի հետ, մասնավորապես հավաքագրել է մարդկանց՝ ռուսական ռուբլու դիմաց, այդ երկրի տարածքում անցկացրել եռամսյա հավաքներ։

Քննչականը մեղադրյալների ինքնությունը չի բացահայտում, միայն մեկ տվյալ է նշում, թե նրանցից մի քանիսը նախկինում ապրել են Արցախում։

«Ազատությանը» հայտնի դարձավ, որ կալանավորվածների շարքում է «Սև հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանը, նրա փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։

«Մեղքը չի ընդունում, 43-419 հոդվածն է՝ սահմանադրական կարգ, նախագահական, վարչապետի, Ազգային ժողով, բռնի ուժով գրավումն է, դա է իրենից նախատեսում, իր մեղքը չի ընդունում», - «Ազատությանն» ասաց պաշտպանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

Մյուս մեղադրյալների ինքնությունն առայժմ հայտնի չէ։

«Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ», - հաղորդում է Քննչականը:

Բաց աղբյուրներով որոնման արդյունքում Ռուսաստանում «Արբատ» անունով ռազմաբազայի վերաբերյալ տվյալներ չգտանք։ Փոխարենը, հայտնի է, որ Ռուսաստանում գործում է «Արբատ» անունով ռազմական ստորաբաժանում, որի անդամները, ըստ տելեգրամյան ալիքի, ծագումով հայեր են և մասնակցում են Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին։ Թե քանի անդամ ունի այդ ստորաբաժանումը, հստակ չէ, հիմնադիրը, ըստ հրապարակումների, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու հետ սերտ կապեր ունեցող Արմեն Սարկիսյանն է՝ «Գորլովսկի» մականունով։ Նա հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։

Արդյոք Քննչական կոմիտեի մատնանշած «Արբատը» կապ ունի այս ստորաբաժանման հետ՝ Երևանից չեն մանրամասնում՝ որպես պատճառ քննության գաղտնիությունը նշելով։

Իշխող կուսակցության պատգամավորները, սակայն, այսօր արդեն՝ առանց դատարանի որոշման, վստահ են՝ իրավապահներին հաջողվել է կանխել ահաբեկչությունը, որը, նրանց խոսքով, կարող էր երկրորդ «Հոկտեմբերի 27»-ը դառնալ:

«Սա բացառիկ օրինակ է, և սրանով պետք է մենք էսօր ուրախանանք, բայց չհանգստանանք, որովհետև ներքին և արտաքին թշնամիները ոնց որ թե ձեռք ձեռքի տված շարունակում են փնտրել իշխանությունը կորցնելուց հետ վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ, որոնց մեջ չեն խորշում նաև ահաբեկչական գործիքից օգտվելու այդ հնարավորությունից», - հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Վերջին մեկ տարում սա արդեն չորրորդ գործն է ահաբեկչության նախապատրաստության, իշխանությունը զավթելու, իշխող ուժի պատգամավորների դեմ ահաբեկչության մեղադրանքներով։

Անցած նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր «Հյուսիսային տերևաթափ» անունով խմբի վնասազերծման մասին, որն, ըստ իրավապահների, մտադիր էր պայթյուններով ու սպանություններով վերցնել իշխանությունը։ Այս գործը հուլիսից դատարանում է, քննությունը փակ դռների ետևում է, մանրամասներ հայտնի չեն։

Մի քրեական գործով էլ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն է մեղադրվում՝ վարչապետի դեմ մահափորձ ծրագրելու, իշխանության զավթումը կազմակերպելու մեղադրանքով: Կես տարի կալանավայրում անցկացնելուց հետո, նրա խափանման միջոցն ամիսներ առաջ փոխվեց՝ նա այժմ տնային կալանքի տակ է։

Եվս մեկ գործ էլ առնչվում է իշխանության ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի ու Գագիկ Մելքոնյանի դեմ ահաբեկչությանը, դրանով մեղադրվում է դաշնակցական Գագիկ Սարգսյանը։ Քննությունը շարունակվում է։

Երեք գործերից որևէ մեկով դեռ դատապարտված չկա։

XS
SM
MD
LG