Մատչելիության հղումներ

Պուտինը Օրբանի միջոցով Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել. Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, պարոն Օրբանը Պուտինին չի տեղեկացրել Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին և ոչ մի նամակ կամ հաղորդագրություն՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, չի փոխանցվել», - ասել է խոսնակը:

Հուլիսի 5-ին Օրբանն այցելել է Մոսկվա, որտեղ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը, մինչ այդ՝ հուլիսի 2-ին, Օրբանն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հուլիսի 8-ին Օրբանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և նրա հետ էլ է մտքեր փոխանակել այդ ճգնաժամի կարգավորման հեռանկարների շուրջ։

Հունգարիայի վարչապետն այնուհետեւ մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպել է Թրամփին։

Ամփոփելով այդ զրույցի արդյունքները՝ Հունգարիայի վարչապետն ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահը, եթե հաղթի նոյեմբերի ընտրություններում և վերադառնա Սպիտակ տուն, մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

Օրբանը Թրամփի հետ հանդիպումն անվանել է «խաղաղապահ առաքելություն 5.0»՝ նկատի ունենալով Կիև, Մոսկվա և Պեկին կատարած վերջին այցերը, ինչպես նաև Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, որի ընթացքում նույնպես անդրադարձ է եղել ուկրաինական հակամարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG