Ինչպե՞ս էր ծանր բեռնատար մեքենան երեկ հայտնվել Հանրապետության հրապարակում, երբ հանրահավաքին ընդառաջ պարեկային ծառայությունը մեքենաների համար փակել էր դեպի հրապարակ մտնող բոլոր ճանապարհները:
Շուրջ կես տարի է՝ գործում է նաև քաղաքապետարանի որոշումն, ըստ որի բեռնատար ծանր մեքենաների մուտքն արգելվում է կենտրոն՝ առավոտյան 07-ից մինչև երեկոյան 21:00-ն: Հանրահավաքի երեկվա մասնակիցներին էլ էր երեկ այդ հարցը հետաքրքրում՝ ինչպե՞ս է քաղաքապետարանի կողմից արտոնված հավաքի ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել հազարավոր մարդկանց մեջ՝ խախտելով նաև այդ արգելքը։
Երեկվա կադրերում երևում է, թե ինչպես էր մարդկանց շարքերում հայտնված բեռնատարի վարորդը կիսով չափ դուրս եկել պատուհանից և ձեռքերը թափահարելով խոսում ներկաների հետ. այդ ընթացքում մեքենա մտած մի քանի տղամարդ թիկունքից նրան հարվածներ են հասցնում, մյուսն էր դրսից փայտով պատուհանին էր հարվածում:
Միջադեպին հարթակից արձագանքեց Բագրատ սրբազանը՝ տարածքում ուժեղացված հսկողություն իրականացնող ոստիկաններին հորդորելով կարգուկանոն ապահովել:
Ոստիկանությունն ավելի ուշ «Ազատությանը» փոխանցեց՝ մի քաղաքացի, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր բեռնատարով մտել է հրապարակ: Նա ձերբակալված է, խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանություն: Ոստիկանության նախնական տվյալներով՝ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում: Միաժամանակ Քննչական կոմիտեից այսօր փոխանցեցին, որ մինչ այժմ վարորդին մեղադրանք չի առաջադրվել, անսթափ լինելու պնդումն էլ դեռ պետք է ուսումնասիրեն:
Հանրահավաքին ներկա փաստաբան Դավիթ Թովմասյանը, ով դեպքի վայրից հենց երեկ տեսանյութ էր տարածել, այսօր պատրաստվում է ոստիկանների անգործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել՝ Ոստիկանություն, Գլխավոր դատախազություն ու Քննչական կոմիտե:
Factor.am-ի հետ զրույցում Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հաստատել էր, որ բեռնատարը ոստիկանական շարքերը հաղթահարելով է մխրճվել ցուցարարների մեջ. հարցին ինչպե՞ս՝ հարցով է պատասխանել՝ ի՞նչ անեին ոստիկանները:
Փաստաբան Դավիթ Թովմասյանը պնդում է՝ նման դեպքերում օրենքը իրավապահներին գործելու լայն հնարավորություններ է տալիս. - «Որ պահից նկատելի էին, որ երթևեկության ուղղությանը հակառակ գալիս է բեռնատարը, այդ պահից սկսած պետք է արդեն ինչ-որ քայլեր նախաձեռներ դեմը փակելու համար կամ վնասազերծելու համար: Քրեական օրենսգիրքը բազմաթիվ դրույթներ ունի, որոնք իրավաչափ հնարավորություն են տալիս կանխելու նման գործողությունները»:
Ոստիկանությունն արդյո՞ք ճանապարհ է զիջել բեռնատարի համար, իսկ եթե՝ ոչ, ապա ինչպե՞ս է ի վերջո այդ մեքենան հայտնվել այդտեղ՝ առնվազն երկու իրավապահ կառույց՝ Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն դեր հստակ պատասխան չեն տալիս: Քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, որևէ մեկը մեղադրյալի կարգավիճակ դեռ չունի: Զուգահեռ Ոստիկանությունը սեփական գործողությունները պարզելու համար ծառայողական քննություն է սկսել: