Դուշանբեում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Պուտինը քննարկել են հայ-ռուսական առևտրաշրջանառության մասին տվյալներն ու համաձայնության չեն եկել:
Ռուսաստանի ղեկավարը ավելի մեծ թվեր է ներկայացրել, Հայաստանի վարչապետն՝ ուրիշ տվյալներ:
Պուտինը Փաշինյանին հարցրել է՝ որքա՞ն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը:
«Այս տարի՝ 4 մլրդ դոլար»,- պատասխանել է Փաշինյանը:
«Ո՛չ, ավելին»,-հակադարձել է Պուտինը:
«Ա՛յս տարի»,-հստակեցրել է Փաշինյանը՝ նշելով, որ նախորդ՝ 2024 թվականին, արդյունքն ավելի մեծ է եղել՝ մոտ 9 մլրդ դոլար:
Պուտինն էլ պատասխանել է, թե նախորդ տարի Փաշինյանի մատնանշածից ավելին է եղել, այս տարի էլ ավելի կլինի: Ըստ ՌԴ նախագահի՝ «դա ակնհայտ է»:
Ի՞նչ են ասում թվերը
Ուկրաինայում սկսած պատերազմից հետո Ռուսաստանից տեղեկություն իմանալը բարդ է. վիճակագրությունն այս երկրում փակ է:
2025-ի հունվար-օգոստոս ամիսներին ՌԴ հետ առևտրաշրջանառությունը, ըստ Հայաստանի պաշտոնական վիճակագրության, 4.5 մլրդ դոլար է կազմել՝ ըստ էության, վարչապետ Փաշինյանի նշած 4 մլրդ դոլարից ավելին, բայց ոչ զգալի շատ, ինչպես Պուտինն էր ակնարկում։
2024-ի հունվար-օգոստոսին էլ, Հայաստանի վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով, հայ-ռուսական առևտրաշրջանառությունը կազմել է 9.2 մլրդ դոլար:
Այս հարցում էլ Փաշինյանը հայաստանյան պաշտոնական վիճակագրությանը մոտ թիվ է նշել, Ռուսաստանի նախագահի նշած «ավելին» թվաբանությամբ չի հաստատվում: Ի դեպ, 2024-ի հոկտեմբերին Պուտինը, կրկին խոսելով այս թեմայի մասին, ավելի մեծ թվեր էր կանխատեսել՝ ասելով, թե այդ տարի 14-16 մլրդ դոլարի կարող է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը: Այդպես չեղավ:
Արձագանք
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Չնայած այս բացարձակ պնդմանը՝ երկու երկրների ղեկավարներն էլ կոնկրետ թվեր չեն նշել:
Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է: ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունն, ըստ պաշտոնական Երևանի, վերջին տարիներին զգալի աճել է, 2024-ի հունվար-օգոստոսի տվյալով՝ այն 1.4 մլրդ դոլար է, 2025-ի հունվար-օգոստոսին՝ 1.5 մլրդ: