Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները, քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ուկրաինայի՝ մարտական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին ... Գիտե՞ք, եղավ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը Սաուդյան Արաբիայում: Արտաքուստ, հնարավոր է, թվա, թե դա Ուկրաինայի կողմից որոշում ընդունելու քայլ է՝ ամերիկյան ճնշման ներքո։ Ի դեպ, ես լիովին համոզված եմ, որ Ուկրաինան պետք է ամենայն համառությամբ խնդրի ամերիկացիներից այս հարցի լուծումը՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ձևավորված է իրականության մեջ», - ասել է Պուտինը՝ շարունակելով․ - «Իսկ ի՞նչ է կատարվում։ Ինչպես շատերը նկատեցին, ես երեկ Կուրսկի մարզում էի, լսում էի Գլխավոր շտաբի պետի և զորքերի Հյուսիսային խմբավորման հրամանատարի ու նրա տեղակալի զեկույցները սահմանային գոտու, հատկապես Կուրսկի մարզում իրավիճակի մասին: Ինչ է այնտեղ կատարվում․ այնտեղ իրավիճակն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է, և այն խմբավորումը, որ ներխուժել է մեր տարածք, ամբողջական մեկուսացված է, դա ամբողջական մեկուսացում է և կրակի ամբողջական վերահսկողություն մեր կողմից»:
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր հայտարարել, որ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում ժամանակավոր հրադադարին և շահագրգռված է հակամարտության երկարաժամկետ կարգավորմամբ:
Սա Մոսկվայի արձագանքն է 30-օրյա հրադադար կնքելու Վաշինգտոնի առաջարկին, որին Կիևը համաձայնել էր օրեր առաջ Ջիդդայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։