Հայ-իրանական սահմանին անցկացվող երկօրյա համատեղ զորավարժությունների առաջին կադրերում՝ Ագարակին հարևան Իրանի Նորդուզի շրջանից, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հատուկ ստորաբաժանումները թեթև և ծանր զինատեսակներ են կիրառում, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր ու դիպուկահար հրացաններ։
Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն էլ սահմանի հայկական կողմում են անցկացրել վարժանքները, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը չի բացահայտում՝ կոնկրետ ո՞ր մասում։ Հայկական կողմը նաև դեռ տեսանյութեր չի հրապարակել։
Ըստ Երևանի՝ զորախաղերը ներառում են Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։
Թեհրանից էլ հայտնել էին՝ դրանք սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն, շեշտելով՝ Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա. վարժանքները մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու և կայուն խաղաղություն պահպանելու համար են կազմակերպվել։
Մինչ Թեհրանն ու Երևանը պնդում են, թե զորավարժությունները միայն ահաբեկչության դեմ պայքարի հատուկջոկատայինների պատրաստվածությունը բարձրացնելու համար են, ոլորտի փորձագետներն այլ համոզման են. վարժանքների անցկացումը քաղաքական ուղերձ են համարում Թեհրանից Բաքվին, որ Իրանի համար անընդունելի է սահմանների փոփոխություն իր հյուսիսում։
«Սա ավելի շատ քաղաքական ուղերձ է, կարծում եմ, քանի որ զորավարժություններն ամեն կողմն իր տարածքում է անցկացնում՝ հայկական հատուկ ստորաբաժանումները՝ իր, իսկ իրանականը՝ իրանական հատվածում: Սա ազդանշան է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանը:
«Եթե մենք տեսնենք իրանական հատուկ ծառայության ջոկատը ինչ ռեսուրսներ էր օգտագործում՝ դա թեթև ինչ-որ տեխնիկայի մասին էր խոսքը գնում և թեթև հետևակի զենքի մասին, ամենածանր զենքը, որ ես այնտեղ տեսա, հակատանկային նռնականետներն էր, և այդ իմաստով, ինձ թվում է, որ քաղաքական նշանակությունը այստեղ առաջին տեղում է գտնվում, քան հենց բուն ռազմականը, բայց, մյուս կողմից, մեր հարևանի զինուժի հետ նաև ինչ-որ փորձ է տալիս համագործակցելու հենց բանակի հարթակում», - իր հերթին, նշեց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը:
Բաքուն տևական ժամանակ է սպառնում է «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացել, իսկ Թեհրանն այդ ֆոնին պարբերաբար հայտարարում է՝ դեմ է միջազգային սահմանի ցանկացած փոփոխության։
Փորձագետներն աննախադեպ են համարում հայ-իրանական զորավարժությունները, անցած տարիներին նման համատեղ վարժանքներ չեն հիշում։ Թեև պաշտոնապես չի հայտարարվել, բայց Էդուարդ Առաքելյանը կարծում է, որ դրա նախաձեռնողը հենց Իրանն է։
«Կարծում եմ, որ այս վարժանքները ծրագրված չէին, որովհետև եթե նախապես պլանավորված լինեին, հնարավոր է դրա մասին ավելի վաղ իմանայինք։ Եվ բանն այն է, որ եթե Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ դրանք կանցկացվեն ապրիլի 9-10-ը, ապա իրանական կողմը հայտնեց, որ ապրիլի 10-11-ը», - ընդգծեց Առաքելյանը:
Լեոնիդ Ներսիսյանը շեշտում է՝ այս վարժանքները նաև լուրջ քաղաքական առաջընթաց են Երևանի ու Թեհրանի հարաբերություններում։
«Առաջին հերթին սա բավականին լուրջ քաղաքական առաջընթաց է Հայաստանի ու Իրանի հարաբերությունների մեջ, որովհետև նախկինում մենք չենք տեսել այս տիպի համագործակցություն», - ասաց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատողը:
Իրանն անցած տարի էլ Ադրբեջանի հետ է անցկացրել ռազմախաղեր, ընդ որում՝ մի քանի անգամ, որոնցից մեկը՝ Կասպից ծովում։
«Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները մինչև հիմա էլ ինչ-որ կոմպոնենտներում այդքան էլ չեն վերականգնվել, բայց պետք է հասկանալ, որ Իրանը այն պետությունը չի, որ հրաժարվելու է, օրինակ, Ադրբեջանի հետ հարաբերություններից, որ ունենա էքսկլյուզիվ հարաբերություններ Հայաստանի հետ, և հակառակը, իրենք հիմա տեսնում են, որ իրենց շահը, օրինակ, Սյունիքի հետ կապված, համընկնում է հայկական շահի հետ, և այդ հարցով մենք կարող ենք իրար հետ աշխատել և բավականին էֆեկտիվ», - նշեց Ներսիսյանը:
Ոլորտի փորձագետները պատահական չեն համարում վարժանքների անցկացման ժամանակահատվածը. դրանք համընկնում են հայ - ադրբեջանական սահմանից հաղորդվող կրակոցների ու Բաքվի շարունակական սպառնալիքների հետ։