78-ամյա Օհաննես Չելիքը, զտարյուն հայ, փորձում է հասկանալ՝ ինչու այնուամենայնիվ այդքան տարի Ստամբուլում՝ հայերի մեջ, հայերեն չխոսեց, չսովորեց. «Չկրցանք սորվիլ, քիչմն ալ վախցանք»:
Վախերը մեղմվեցին, բայց Պոլսի հայաշատ եկեղեցիներն ու վարժարանները դատարկվում են, համայնքը՝ փոքրանում:
Ստամբուլի Թարգմանչաց վարժարանի տնօրենն ասում է՝ 140 սան ունեն, և նրանց մեծ մասը հայերեն սովորում է հենց այստեղ, ստացվում է՝ լեզուն նրանց համար արդեն մայրենի չէ, երկրորդ լեզու է, մայրենին թուրքերենն է. «Եթե իմանան ալ, չեն խոսիր, կնախընտրե թրքերենով պատասխանել, որովհետև ավելի դյուրին կըլլա: Մենք վարժարանի մեջ մեծ մասամբ նախ հայերենն իրենց կսովրցնենք», - ասում է վարժարանի տնօրենը:
7-ամյա Միրան հաստատում է՝ հեշտ է թուրքերենով շփվել, հայերենը՝ հայերենի դասին միայն:
«Արևմտահայերենի հիմքը այս հողերն են: Մեր ամենակարևոր գրականությունն այստեղից է սկսվել: Այսինքն՝ այս արմատը, այս սկզբնական կետը պետք չէ մոռանալ», - ասում է Թարգմանչաց վարժարանի ուսուցիչ Արփեն Չինարը:
Բազմամիլիոնանոց Թուրքիայում պոլսահայ համայնքը նոսրանում-ձուլվում է. հայկական վարժարաններում ընդամենը 2600 սովորող կա։ Պոլսում մինչև 35 հազար հայ է մնացել հիմա, խառնամուսնություններ, արտագաղթ՝ հայերի թիվը անընդհատ նվազում է։
Ստամբուլում 50 եկեղեցի ու նույնքան վարժարան ունենք՝ ո՞ւմ համար։ Պոլսո պատրիարքի գլխավոր մտահոգությունն էլ սա է. «Այլևս չենք կրնար լցնել այս թաղը: Այս թաղում 40 հազար հայ կապրեր 100 տարի առաջ: Հիմա՝ 40 հայ մնաց», - ասում է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Նախորդ շաբաթավերջին Ստամբուլի Գումգափու պատմական հայկական թաղամասում էին հավաքվել համայնքի երևելիները՝ մտավորականներ, հոգևորականներ։ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի և Երևանի «Ֆակտում» կենտրոնի համագործակցությամբ նկարահանված «Ինքնության արահետ. Պոլսո Պատրիարքական Աթոռը ժամանակների մեջ» ֆիլմի պրեմիերան էր։
Փաստավավերագրություն՝ ավելի քան կես հազարամյակի պատմություն ունեցող պատրիարքական աթոռի մասին։ Այստեղ 84 պատրիարքների պատմությունն է, նաև Թուրքիայի հայ համայնքի հարյուրամյակների պարտություններն ու հաղթանակները։
Պոլսո պատրիարքների պատմությունը ներկայացնելու գաղափարը «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանինն է։ Ի հիշատակ թերթի խմբագիր Մարտիրոս Գոչունյանի մահվան 50-րդ տարելիցի՝ ցանկացել է նաև այսպես նշանավորել Սահակ պատրիարքի գահակալության 5 տարին։ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի նվիրատվությամբ է իրականություն դարձել «Ինքնության արահետը»։
Գոչունյանը շեշտում է՝ տուժել ենք ամենախաղաղ պայմաններում, երբ հեռացել ենք միասնությունից. «Մենք, եթե միասին լինենք՝ իրականության մեջ շատ ավելի երկարաժամկետ ձեռքբերումներ կարող ենք ապահովել»:
Ֆիլմի հեղինակ, գրող, հրապարակախոս ու վավերագրող Տիգրան Պասկևիչյանը շուրջ 6 տասնյակ մասնագետների հետ է զրուցել՝ օսմանագետներ, հոգևորականներ, իրավաբաններ։ Աթոռի 564 տարվա պատմության մեջ գուցե լավը քիչ է, վատը՝ շատ, բայց որոշումը, ըստ Պասկևիչյանի, ճշմարտությունն ասելն էր։ Հույս ունի, որ «Ինքնության արահետը» դուռ ու ճանապարհ է ցույց տալու նաև այսօր։
«Գիտեք, որՀայաստանում բավականին բարդ վիճակ է. հուսահայտություն կա: Սա տեսնելով՝ մենք հասկանում ենք, որ ինչ-որ անհատներ գալով, գաղափարներ բերելով՝ կարող են բեկումնային փոփոխություններ անել», - ասաց«Ինքնության արահետ. Պոլսո Պատրիարքական Աթոռը ժամանակների մեջ» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը:
Փաստավավերագրության հեղինակին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը պարգևատրեց Մաղաքիա Օրմանյան շքանշանով։
«Ինքնության արահետը»՝ թարգմանված անգլերեն, թուրքերեն և ֆրանսերեն լեզուներով, էկրան կբարձրանա նաև այլ երկրներում։
«Ես պարզապես հպարտացա, ուրախացա և գոհ եմ, որ մեր Պոլսո պատրիարքության պատմությունը միայն գրքերում չի մնա», - ընդգծում է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Ֆիլմում նաև հարյուրամյա վաղեմության խնդիրն է․ Պոլսո պատրիարքարանը, որ ոչ միայն եկեղեցական, նաև համայնքային, մշակութային ու սոցիալական գործառույթներով կառույց է, կարգավիճակ, կանոնադրություն չունի։ Թուրքական իշխանությունը չի ուզում փոքրամասնություններին կարգավիճակ տալ՝ համարելով, որ դա պետություն է պետության մեջ,- շեշտում է Սահակ պատրիարքը. «Երբ դիմում ենք իրենց որևէ խնդրով, լուծում գտնում են, բայց դրանից հետո մնայուն որևէ կանոնադրություն գոյություն չունի»:
Թաղային խորհուրդները կան՝ համայնքի ունեցվածքն են կառավարում, բայց բոլորին միացնող ու իրավական կարգավիճակ ունեցող հարթակ չկա։ Նույն խնդրի առջև են ասորի, հրեա, հույն համայնքները։ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը շեշտում է. «Թուրքիայի հանրությունը ճանաչում կամ շփվում է կա՛մ պատրիարքի անձի, կա՛մ էլ պատրիարքարանի շենքի»:
Մեծ հույս չունեն, որ թուրքական իշխանությունը կլուծի այս հարցը, հատկապես որ համայնքը փոքրանում է։ Այլ հարցեր իշխանության հետ չունենք, - ասում է Սահակ պատրիարքը, շարունակելով. «Մեզի մարդու տեղ կդնեն, վարչապետը, նախագահը կայցելեն, նախարարները կուգան, մեզ կհրավիրեն, պետական պրոտոկոլի մեջ տեղ կտան, կլսեն մեզ: Այնպես որ շատ հարցեր մեզմ է»
Պոլսո 85-րդ պատրիարքը վստահ է, որքան էլ դժվար է՝ համայնքը ոտքի վրա կմնա ու պատրիարքական աթոռի հազարամյակը կնշեն նույն վայրում՝ ուրիշ հայեր, մի 400 տարուց։
«Պոլսո մեջ հայ համայնքը և պատրիարքությունը հրաշք են», - եզրափակում է խոսքը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: