Մատչելիության հղումներ

Պոկրովսկի, Կուրսկի ուղղություններում իրավիճակը լարված է մնում


Ուկրաինա - Այրվող դաշտ Պոկրովսկի մոտակայքում, սեպտեմբեր, 2024թ.
Ուկրաինա - Այրվող դաշտ Պոկրովսկի մոտակայքում, սեպտեմբեր, 2024թ.

Ռուսական բանակն ավելի քան 50 գրոհ է ձեռնարկել վերջին 24 ժամվա ընթացքում Պոկրովսկի և մի փոքր դեպի հարավ՝ Կուրախովսկու ուղղությամբ, ասվում է ուկրաինական զորքերի գլխավոր շտաբի զեկույցում։

Սա այսօր մնում է ճակատի ամենալարված հատվածը, որտեղով անցնում են ուկրաինական բանակի մատակարարման ուղիները։

Դատելով ուկրաինական DeepState նախագծի քարտեզից, արդեն մի քանի ամիս շարունակվող հարձակումների արդյունքում ռուսները վերահսկողության տակ են վերցրել Պոկրովսկի հարավարևելյան հատվածի վերջին բնակավայրերից մեկի` Գրոդովկայի զգալի մասը։ Ավելին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց Գեորգիևկա բնակավայրի գրավման մասին, Կիևն այս տեղեկությունն առայժմ չի հաստատել։


Զուգահեռ, կրակի տակ են ուկրաինական բնակավայրերը: Կրկին հրթիռակոծության տակ էր Խարկովը, տուժածների մասին չի հաղորդվում: Բացի այդ, վերջին ժամերին երեք խաղաղ բնակիչ է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել Սումիի մարզում, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։

Լարված է իրավիճակը նաև ռուսական ճակատում՝ Կուրսկում։ Մոսկվան և Կիևը հակասական տեղեկություններ են տարածում. ռուսները հայտարարել են, թե դուրս են մղել ուկրաինացիներին երկու գյուղերից, Ուկրաինայի բանակն էլ պնդում է, որ կանգնեցրել է ռուսների գրոհները. - «Իրավիճակը կայունացել է, և ամեն ինչ վերահսկողության տակ է», - այսօր հայտարարել է ուկրաինական բանակի խոսնակ Ալեքսեյ Դմիտրաշովսկին։

Արդեն շուրջ մեկուկես ամիս է՝ ուկրաինացիները վերահսկողության տակ են պահում տասնյակ ռուսական բնակավայրեր, տեղում ապրող 100 հազարից ավելի մարդկանց Ռուսաստանի իշխանությունները ստիպված են եղել տարհանել։

Նախօրեին էլ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել էին սահմանից 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ՌԴ Տվերի մարզի Տորոպեց քաղաքի հրթիռային և հրետանային պահեստին: Տեղում մի քանի պայթյուններ են լսվել և մեծ հրդեհ է բռնկվել: Սա զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկն է Ռուսաստանի եվրոպական մասում, ասում են ռազմական փորձագետները։

Ուկրաինացի նախկին զինվորական, գնդապետ, ռազմական փորձագետ Վլադիսլավ Սելեզնյովը «Ազատության» "Настоящее время" ծրագրի եթերում ասում է, թե նման հարվածները չեն կարող չխանգարել ռուսների առաջխաղացմանը։ «Այդ պահեստում պահվում էր մոտ 30 տոննա զինամթերք։ Դրա մեծ մասը ոչնչացվել է։ Սա լուրջ հաջողություն է ուկրաինական կողմի համար», - ընդգծում է Սելեզնյովը:

Ռուսները մանրամասն տեղեկություն չեն հաղորդել Տորոպեցում կատարվածի մասին, նահանգապետը միայն հայտնել էր, թե անօդաչու է խոցվել, և բնակչությանը տարհանել են, չմանրամասնելով՝ ինչու, երբ և ուր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մինչդեռ, հատուկ շնորհավորել էր ուկրաինացի զինվորականներին նման հաջող գործողության համար: Ի դեպ, նա մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ-ում և կհանդիպի թե՛ ԱՄՆ նախագահ Բայդենի, թե՛ նախագահի թեկնածուներ Թրամփի և Հարիսի հետ։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, թե Կիևը մշակել է հաղթանակի պլան, որն էլ քննարկելու է Վաշինգտոնում։

Ծրագիրը չի հրապարակվել, Ուկրաինայի ներսում էլ դրա մանրամասներին ծանոթ չեն։ Զելենսկու խորհրդականը միայն օրեր առաջ «Ազատությանը» հայտնել էր, թե Կիևը դեմ է հակամարտությունը ժամանակավորապես սառեցնելու կամ տարածքներ զիջելու տարբերակին, բայց պատրաստ է քննարկել Կուրսկի ճակատագիրը, որի տասնյակ բնակավայրեր սեպտեմբերի սկզբից գտնվում են ուկրաինական բանակի վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG