Մատչելիության հղումներ

Պետրակով. «Սա իմ պարտությունն էր և ամոթը»


Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղյա ասուլիսի ժմանակ, Սկոպյե, 10-ը սեպտեմբերի, 2024թ.
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղյա ասուլիսի ժմանակ, Սկոպյե, 10-ը սեպտեմբերի, 2024թ.

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում Սկոպյեում 0:2 հաշվով Հյուսիսային Մակեդոնիայից կրած ցավալի պարտությունից հետո, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարեց՝ ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, և սա իր պարտությունն էր։

«Անկեղծ ասած, ես գրեթե չճանաչեցի իմ թիմին։ Ես նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էի, այն առաջադրանքները, որ տվել էի, կարելի է ասել՝ թիմը չկարողացավ կատարել։ Հանդերձարանում ես նրանց ասացի, որ պետք չէ գլուխները կախել, պետք է աշխատել, դեռ ոչինչ կորած չէ։ Միշտ սև շրջանից հետո գալիս է սպիտակ շրջանը։ Սա ամոթ էր ինձ համար` որպես մարզիչ», - ասաց Ալեքսանդր Պետրակովը:

Ամեն ինչ կարծես լավ էր, ֆուտբոլիստների աչքերում կրակ կար, ասում է մարզիչը:

«Ազատություն»-ը, որ Սկոպյեից լուսաբանում էր հանդիպումը, նախքան խաղը զրուցել էր հավաքականի ֆուտբոլիստների հետ, որոնք ևս նշում էին՝ չնայած բարդ հանդիպում է սպասվում, իրենք լիովին պատրաստ են։

Խաղի հաշիվը 2:0` թեև ամբողջ երկրորդ խաղակեսում մրցակիցը խաղում էր 10 ֆուտբոլիստով: Ի՞նչն էր Հայաստանի հավաքականի պարտության պատճառը՝ եղանակային անբարենպաստ պայմաննե՞րը, օրեր առաջ Լատվիայի դեմ խաղից հետո հոգնածությո՞ւնը։ Մարզիչը հստակ բացատրություն չտվեց. - «Ես Լատվիայի հետ խաղից հետո խնդրում էի թիմին չգովաբանեն, հիմա խնդրում եմ հակառակը՝ չքննադատել։ Այդպես լինում է: Սա ի՛մ պարտությունն է։ Չեմ ուզում, որ որևէ ֆուտբոլիստի մեղադրեն այս պարտության համար», - հայտարարեց Պետրակովը:

Հանդիպումը տեղի էր ունենում Մակեդոնիայի ամենամեծ մարզադաշտերից մեկում, որն ավելի քան 34 հազար երկրպագու կարող է հյուրընկալել։ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանը, սակայն, ակտիվություն չէր նկատվում, մինչև մոտ 6 հազար երկրպագու էր եկել։

Խաղը մակեդոնացի ամուսնու ու երեխայի հետ դիտելու էր եկել նաև Անահիտ Սարիբեկյանը: «Հայաստանից եմ՝ Ճամբարակից, բնակվում եմ այստեղ 7 տարի է արդեն, Սկոպյեում», - ասաց նա, - «Բնականաբար, ես Հայաստանին եմ երկրպագում, ամուսինս էլ՝ համ Հայաստանին, համ Մակեդոնիային, որպեսզի չնեղանանք, իսկ աղջիկս իմ Հայաստանին է երկրպագում»:

Պարտությունից առաջ, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024-25 թվականների մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 4:1 հաշվով առավելության էր հասել Լատվիայի թիմի նկատմամբ։

Այս պահին խմբային աղյուսակը գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիան՝ 4 միավորով: Լատվիան և Հայաստանը 3-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: Աղյուսակը եզրափակում է Ֆարերյան կղզիների ընտրանին՝ 1 միավորով. հենց այս հավաքականի հետ էլ Հայաստանի թիմը կմրցի հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 10-ին, մրցակցի հարկի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG