Մատչելիության հղումներ

Պետությունը երեք հայցով ՑՈՒՄ-ը Արա Աբրահամյանից հետ ստանալու գործընթաց է սկսել և արդեն հաջողություն է գրանցել


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ

Պետությունը երեք տարբեր դատական հայցերով «Մանկական աշխարհ» երևանյան ամենահայտնի առևտրի կենտրոնը՝ ՑՈՒՄ-ը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից հետ ստանալու գործընթաց է սկսել, և արդեն հաջողություն են գրանցել: Հինգ օր առաջ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության հայցը. ՑՈՒՄ-ի հետնամասում շուրջ 3 հազար քառակուսի մետրանոց փոսը կվերադարձվի Երևանին:

«Վճռի հիմքում դրվել է այն, որ վեճի առարկա հողամասն օտարվել է կառուցապատման համար, սակայն սեփականատերը չի իրականացրել կառուցապատման աշխատանքներ, կառուցապատման համար տրամադրված հողամասը երեք տարուց ավելի չի օգտագործել և չի օգտագործում հողամասի օտարման նպատակին համապատասխան», - ասված է դատախազության տեղեկանքում:

«Մանկական աշխարհ»-ն ու դրան հարակից տարածքը շուրջ երկու տասնամյակ առաջ դարձել են Արա Աբրահամյանի ընտանքին պատկանող «Սոգլասիե-Արմենիա» ընկերության սեփականությունը: Փոսի վերաբերյալ հայցադիմումը դատարանը նախորդ տարեսկզբից է վարույթ ընդունել: 17 տարի կառուցապատում չի արվում, հայցադիմումում իրավապահ մարմինը նույնիսկ Աղայանի բացատրական բառարանի օգնությանն է դիմել՝ կառուցապատել նշանակում է տարածությունը կառուցումներով պատել: Իսկ պատասխանող կողմն այս վեճը անհիմն էր համարել, բացատրել՝ 10 հազար քառակուսի մետրի վրա կառուցապատում են արել, շուրջ 3 հազարը դրա մի մասն է, առանձնացնել պետք չէ, նաև հիշեցնում են ՝օտարերկրյա ներդրումները ազգայնացման ենթակա չեն, միայն եթե արտակարգ դրություն է՝ դատարանի վճռով ու լրիվ փոխհատուցմամբ:

«Սոգլասիե-Արմենիա» ընկերությունն այսօր հայտարարել է՝ դատական ակտը բողոքարկելու են, սա անվանում են սեփականազրկման կամայական դրսևորում:

«Սոգլասիե-Արմենիա» ընկերության համար ակնհայտ է, որ վերը նշված դատական ակտը պայմանավորված է ռուսաստանաբնակ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի գործունեությամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ շինարարական աշխատանքները, որոնց ձգձգման, դժվարությունների և խոչընդոտների հասցեատերերը, տևական ժամանակ է, վարչական մարմիններն են», - ասված է հայտարարությունում:

Ընկերությունն իր տարածած հայտարարությամբ շեշտում է, որ նույն դատարանի նույն դատավորը մերժել էր Գլխավոր դատախազության հայցը հարակից հասցեում գտնվող մեկ այլ տարածքի վերաբերյալ, որի սեփականատերն իշխանամերձ ընկերություն է:

«Սա խայտառակություն ա, գիտե՞ք, Հոնդուրասում էլ այդպիսի բան չկա». -
Արա Աբրահամյանն ինքը Դատախազության նախաձեռնած այս գործընթացի մասին խոսել է 2023-ի վերջին: Այդ հարցազրույցում պատմում էր, որ այդ հատվածում 20 հարկանի շենք էին ուզում կառուցել, հետո՝ 15 , վերջում 4 հարկի վրա կանգ առան՝ էլի թույլտվություն չէին ստանում, ու փոսը մնաց փոս:

«Մենք այնտեղ փոս ենք փորել 12 մետր խորությամբ, ամեն ինչ տեխնիկան բերել ենք, այդ ամբողջ տեխնիկան այս տարիների ընթացքում փչացել ա՝ անձրևի տակ, ձյան տակ, բա, չեմ հասկանում, ինչո՞ւմն ա բանը: Այ հիմա տենց տվել ենք, որպեսզի առևտրի կենտրոնը, թույլատրություն տան՝ մենք ներսի աշխատանքները կատարենք: Վերցրեք ժակետները նայեք, թե ինչքան ժամանակ, երբ ենք տվել, և ինչքան ժամանակ ա պետք, որ դրա թույլատրությունը տա», - հայտարարում էր Աբրահամյանը:

Աբրահամյանն այդ ժամանակ նաև վստահ էր, որ իշխանությունները կգնան, ուշ-շուտ՝ իրենց սեփականությունը կվերադառնա. - «Իրանց համար օրենքը, իրանք по понятию՝ ռուսերեն լավ խոսք կա, по понятию երկիրը ղեկավարում են, գիտե՞ք, կարող է ժամանակավոր ինչ ասես անեն, բայց դա հնարավոր չի, ով ուզում ա լինի, ով ուզում ա լինի, անուն չեմ ուզում տամ, դա հնարավոր չի: Շուտ-ուշ մենք դա կվերցնենք հետ, շուտ-ուշ, որովհետև կան նորմալ մարդիկ, իրանց իշխանությունը վեչնի չի»:

Ռուսաստանի հայերի միության նախագահը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալու անհրաժեշտության մասին խոսում է պարբերաբար, նա նույնիսկ սեփական պլանն ուներ. Փաշինյանը գնում է, ժամանակավոր կառավարություն է ձևավորվում, մինչև որ Հայաստանի ապագա կառավարիչները պրակտիկա անցնեն աշխարհի հինգ երկրներում՝ Ռուսաստանից մինչև Նահանգներ: Աբրահամյանը վերջին շաբաթների ընթացքում էլ երկու արքեպիսկոպոսների ու գործարար Սամվել Կարապետյանի կալանքն էր անընդունելի համարում. - «Սամվել Կարապետյանին ինչո՞ւ է ձերբակալում, նա ամենախոշոր ընկերության ղեկավարն ա: Վախացնում ա բոլորին, ի՛նքը պետք ա վախենա, ի՛նքն ա բերել էս իրավիճակին, շատ վատ ... Մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ ա, բայց ամեն անգամ խաբում ենք մեր ժողովրդին»:

Դատարանի այս վերջին վճռին, որ կարող է դառնալ ՑՈՒՄ-ից զրկվելու սկիզբ, Աբրահամյանը դեռ չի անդրադարձել, սակայն նրան պատկանող ընկերության արձագանքից հասկանում ենք՝ սա համարվելու է սեփականազրկում քաղաքական պատճառներով:

Իսկ «Մանկական աշխարհի» շենքի ու դրա տակ գտնվող հողամասի քրեական գործերի քննությունը դեռ առջում է. սրանք երկրորդ ու երրորդ գործերն են: Շենքի վերաբերյալ հայցը Դատախազությունը ներկայացրել է այս տարվա մայիսին: Հակակոռուպցիոն դատարանը արդեն արգելանք է դրել անշարժ գույքի վրա, որ մինչև վճռի կայացումը որևէ գործարք սեփականատերը չկարողանա իրականացնել:

Խորհրդային Երևանի հսկա ունիվերմագը Արամ Աբրահամյանի պլանով պիտի առևտրի ու մանկական զվարճանքի կենտրոն դառնար, պլանը վաղուց կար, բայց կենտրոնը դեռ չկա: Կարողացանք միայն առաջին հարկը տեսնել. պասիվ շինաշխատանքներ էին: Ո՞վ կավարտի դրանք՝ պետությո՞ւնը, թե՞ այնուամենայնիվ Արա Աբրահամյանը՝ կերևա հաջորդ վճռից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG