Մատչելիության հղումներ

«Պետք է հիմնավորեք, թե որտեղից ձեր հագուստը». նախկին նախարարը՝ ՍԴ որոշման մասին


Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, արխիվ
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, արխիվ

Արդարադատության նախկին նախարարը քննադատում է Սահմանադրական դատարանին՝ օրերս կայացրած որոշման համար: Բարձր դատարանը սահմանադրական է ճանաչել այս իշխանության օրոք ընդունված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը: Հենց այս օրենքով են գործող իշխանությունները խոստացել հետ բերել նախկինների թալանածը:

ՍԴ-ում ընդդիմության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այսօր միայն երեք դրական հատված առանձնացրեց որոշումից և ընդգծեց՝ դատարանը չի անդրադարձել մի քանի կարևոր հարցերի, որոշման մեջ կան կիսատ լուծումներ, որոնք հետագայում կդառնան վեճերի առարկա:

«Ես կառաջարկեի մի պահ պատկերացնեք, որ ընդունվում է մի անհեթեթ օրենք, որ ձեր հագի շորերը, եթե դուք չհիմնավորեք, որ ձեռք եք բերել խանութից կամ նվեր եք ստացել, համարվում են ապօրինի, և ձեզանից պետք է վերցնեն. գրեթե բոլորդ կհայտնվեք մերկ վիճակում». - Հարությունյանն այս պատկերավոր համեմատությունը բերեց իրենց կողմից վիճարկվող դրույթի մասին: Ըստ այդմ՝ Դատախազությունը կարող է հետ գնալ մինչև 1991 թվական ու քաղաքացուց պահանջել ապացուցել, թե ավելի քան 30 տարի առաջ գնած ունեցվածքն ինչպե՞ս է ձեռք բերել, ո՞ւր են դրա կտրոնները և մյուս փաստաթղթերը:

«Օրինակ, անհատական եկամտային հարկի հաշվարկները ՊԵԿ-ում դուք կգտնեք միմիայն 2013 թվականից: Հիմա պատկերացրեք այն մարդու վիճակը, որը պարտավոր է ինչ-որ մի բան ապացուցել, այդ ապացույցները գտնվում էին պետության ձեռքում, բայց պետության մեղքով նրանք անհետացել են. զրկանքները պետք է կրի այդ մարդը: Եվ սա իսկապես, մեր կարծիքով, արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտում է», - հայտարարեց արդարադատության նախկին նախարարը:

100-էջանոց որոշմանը ծանոթացած հանրապետական Հարությունյանը, անդրադառնալով դրական կողմերին, ասաց՝ ավելի քան երեք տարվա քննությունից հետո Սահմանադրական դատարանը եզրահանգել է՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նաև այն գույքը, որը կապ ունի հանցանքի հետ: «Բառացի եթե մեջբերեմ Սահմանադրական դատարանի ասածը, դա հետևյալն է՝ բռնագանձման ենթակա այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ», - ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Մինչև ՍԴ որոշումը գործող օրենքով՝ և՛ հասարակ քաղաքացու, և՛ երբևէ պաշտոն զբաղեցրածի ունեցվածքը ենթակա էր բռնագանձման երկու պարագայում: Առաջին դեպքում՝ այն ժամանակ, երբ քաղաքացին մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության համար. այս պարագայում Դատախազությունը փորձում է բռնագանձել ոչ միայն կոնկրետ քրեական գործի հետ առնչություն ունեցող գույքը, այլև՝ ամբողջ ունեցվածքը: Երկրորդ դեպքում՝ անկախ քրեական գործից, բռնագանձման ենթակա է այն գույքը, երբ պարզապես կան կասկածներ դրա ապօրինի լինելու մասին:

Հենց սրա վրա էլ ուշադրություն է հրավիրում սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու նշում՝ ՍԴ որոշումից հետո օրենքում պետք է փոփոխություններ արվեն:

«Էստեղ տրամաբանական շատ պարզ կանոններ են գործում: Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքի իմաստը նրանում է, որպեսզի շրջանառությունից հանի այն գույքը, որը ձեռք է բերվել ապօրինի ձևով՝ 1-ից 4-րդ հիմքերով՝ հանցագործության հետևանքով, 5-րդ և 6-րդ հիմքերով՝ պաշտոնատար անձի կողմից, երբ որ նա չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները և կոռուպցիոն իրավախախտումներ գործել», - «Ազատության» հետ զրույցում նշեց սահմանադրագետը:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյան, արխիվ
Սահմանադրագետ Վարդան Պողոսյան, արխիվ

Պողոսյանն այս որոշումը որակում է քաղաքական: Պնդում է՝ թեև դատարանը եզրահանգել է, որ բռնագանձման է ենթակա միայն հանցանքի հետ կապ ունեցող գույքը, բայց համարձակություն չի ունեցել գնահատական տալ արդեն երեք տարի Դատախազության ու դատարանների գործելաոճին, երբ փորձում են բռնագանձել քաղաքացու ամբողջ գույքը:

«Իսկ եթե այդ գնահատականը տար, դա կարող էր շատ կարևոր հետևանքների հանգեցնել ապագա, կամ ընթացող և ապագա գործերում: Որովհետև եթե Սահմանադրական դատարանը հստակ նշեր, որ մինչև հիմա Դատախազությունը և այն դատարանները, որոնք արհամարհել են կապը հանցագործության և բռնագանձման ենթակա գույքի միջև, խախտել են Հայաստանի Հարապետության Սահմանադրությունը և Եվրոպական կոնվենցիան, այդ պրակտիկան հակասահմանադրական է, և հետևաբար՝ այդ ներկայացված դիմումները ապօրինի դիմումներ են և ենթակա են մերժման», - ասաց Պողոսյանը:

Ի՞նչ կլինի ՍԴ որոշումից հետո: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որն այս պաշտոնը զբաղեցնելուց առաջ գլխավոր դատախազի տեղակալն էր հենց ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հարցերով, պարզաբանում է՝ պետք է որոշակի հաշվարկներ կատարվեն: Նախարարը խուսափել էր անդրադառնալ ընդդիմադիրների քննադատությանը:

«Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը պատկանում է պաշտոնատար անձին, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար: Այսինքն՝ պաշտոնատար անձի պարագայում սահմանափակվածություն հանցագործության կատարման հետ կապված չի լինելու», - ասել էր Գալյանը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է հայտարարել՝ հատիկ առ հատիկ հետ են բերելու նախկինների թալանածը, ու իրենց այս հարցում մեծապես օգնում է ՍԴ որոշումից հետո էլ քննադատության թիրախում մնացող օրենքը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG