Պեկինի իշխանությունները քաղաքի բոլոր շրջանների բնակիչներին նախազգուշացրել են պատրաստվել ուժեղ տեղումների նոր ալիքին՝ հորդորելով հնարավորության դեպքում դուրս չգալ տնից։
Նախորդ շաբաթ Չինաստանի մայրաքաղաքում 2012 թվականից ի վեր ամենամահաբեր ջրհեղեղների հետևանքով զոհվել էր ավելի քան 40 մարդ:
Եղանակի կանխատեսումների համաձայն՝ քաղաքի որոշ հատվածներում կեսօրից սկսած 6 ժամվա ընթացքում կարող է տեղալ մինչև 200 մմ անձրև: 22 միլիոն բնակիչ ունեցող Պեկինում տարվա ընթացքում 600 մմ տեղում է գրանցվում։
Երկուշաբթի կեսօրին Պեկինի բոլոր 16 շրջանները բերվել են պատրաստվածության առավելագույն մակարդակի՝ առաջին անգամ հուլիսի 28-ից ի վեր։ Փակվել են Չինական Մեծ պատի որոշ հատվածներ, բացօթյա հանգստի վայրեր, ինչպես նաև դադարեցվել են ստորգետնյա մի շարք բիզնեսների աշխատանքները։
Իշխանությունները զգուշացնում են, որ հանկարծակի ջրհեղեղների և սողանքների ռիսկը «ծայրահեղ բարձր է»։