Մատչելիության հղումներ

Գազալցակայանի պահուստներից արտահոսքը դադարեցված է, պայթյունի հետքերով քրգործ կա (թարմացված)


Գազալցակայանը պայթյունից հետո, 7-ը հունիսի, 2024թ․
Գազալցակայանը պայթյունից հետո, 7-ը հունիսի, 2024թ․

17։50

Կեսգիշերին պայթած գազալցակայանն աշխատել է առանց դրա իրավունքն ունենալու։ Հրդեհային անվտանգության տեսչականը դեռ փետրվարին է լցակայանը փակելու որոշում կայացրել՝ համապատասխան փորձաքննություն չանցնելու պատճառով։

11։13

Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է, երթևեկությունը՝ վերականգնված, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

Այսօր ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է:

Նախարարությունը նաև նշում է, որ գազալցակայանի բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ:

Փրկարարները հովացման և սառեցման աշխատանքներ են իրականացնում, 7-ը հունիսի, 2024թ․
Փրկարարները հովացման և սառեցման աշխատանքներ են իրականացնում, 7-ը հունիսի, 2024թ․

Փրկարարները հովացման և սառեցման աշխատանքներ են իրականացնում, 7-ը հունիսի, 2024թ․
Փրկարարները հովացման և սառեցման աշխատանքներ են իրականացնում, 7-ը հունիսի, 2024թ․

11։00

Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ ԱՆ-ի՝ մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ընդհանուր բուժօգնության էր դիմել 7 տուժած, մեկը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։

Գազալցակայանը պայթյունից հետո, 7-ը հունիսի, 2024թ․
Գազալցակայանը պայթյունից հետո, 7-ը հունիսի, 2024թ․

10։41

Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանի երեկվա պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության, hրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները խախտելը, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, ծառայությունների մատուցումը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք։

Կոմիտեն նշում է, որ գործողություններ են ձեռնարկվում պայթյունի պատճառը և բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ըստ ՔԿ-ի՝ վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։

Պայթյունից վնասված մեքենա գազալցակայանի տարածքում, 6-ը հունիսի, 2024թ․
Պայթյունից վնասված մեքենա գազալցակայանի տարածքում, 6-ը հունիսի, 2024թ․

08։35

Աբովյան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում երեկ տեղի ունեցած պայթյունից հետո այսօր առավոտյան ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ հովացման աշխատանքներ են իրականացվում։

Պայթյունից 7 քաղաքացի է տուժել, 7-ն էլ դիմել են բուժօգնության։ Առողջապահության նախարարության երեկվա տվյալներով՝ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, չորս տուժածինը՝ կայուն ծանր, մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

ՆԳՆ-ն այսօր նաև հաղորդեց, որ նախնական տվյալներով զոհեր չկան։

Նախարարությունը երեկ հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և էլի պայթյունի վտանգ կա։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն այս պահի դրությամբ երկկողմանի փակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG