Վլադիկավկազի "Алания Молл" առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, այսօր առավոտյան հաղորդել են ռուսական տելեգրամյան ալիքները՝ նշելով վիրավորների ու մեկ զոհի մասին։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով 8:30-ին՝ առևտրի համալիրի վերջին հարկում։
Առևտրի կենտրոնն այս պահին փակ է։ Սովորաբար այնտեղ աշխատանքը սկսվում է ժամը 10-ին։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը օպերատիվ ծառայություններից հայտնել են, որ մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ, վիրավորների ստույգ թիվ դեռ չի նշվում։
Մահացածի մասին տեղեկությունը հաստատել է նաև Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն՝ նշելով, որ մահացածը կին է։
Օպերատիվ ծառայություններից հայտնել են, որ պայթյունի պահին առևտրի կենտրոնում այցելուներ չեն եղել, տուժածներն աշխատակիցներ և անցորդներ են։
Mash տելեգրամյան ալիքը գրում է հինգ զոհի մասին։ Shot-ի տվյալներով՝ վիրավորվել է ինը մարդ։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի չորրորդ հարկում կենցաղային գազից, որից հետո հրդեհ է բռնկվել 800 քմ տարածքում, խոհանոցի երեք աշխատակից են տուժել։
Այս պահին տեղում իրավապահներն ու փրկարարներն են աշխատում։ Դեպքի առնչությանբ օպերատիվ խումբ է ստեղծվել։