Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության շենքի բակում պայթյուն է որոտացել, հայտնում է ֆրանսիական BFMTV-ն՝ նշելով, որ առավոտյան տեղական ժամանակով ժամը 8։00-ի (Երևանի ժամանակով ժամը 11։00) մոտակայքում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով երկու շիշ են նետել դիվանագիտական ներկայացուցչության բակ։
Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ պայթյունից հետո դեպի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են տարածքը, ուժեղացված հսկողություն է իրականացվում։
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածը համեմատել է ահաբեկչական հարձակման հետ՝ պահանջելով Փարիզից՝ «շտապ» քայլեր ձեռնարկել միջադեպը հետաքննելու և Ֆրանսիայում ռուսական հաստատությունների անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։