Մատչելիության հղումներ

«Պատժիչ գործողություն», «վրեժխնդրություն». ինչո՞ւ ազատ չի արձակվում Լիդյա Մանթաշյանը


Լիդյա Մանթաշյանը դատարանում, արխիվ
Լիդյա Մանթաշյանը դատարանում, արխիվ

«Ինձ արդեն զգուշացրել էին, որ դատավորը թույլտվություն չի ստացել նիկոլենցից, որ ինձ ազատ արձակի: Ես մի շաբաթ առաջ սա գիտեի». - հինգ ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո Լիդյա Մանթաշյանը ևս երեք ամիս կմնա բանտում: Դատավոր Կարեն Ֆարխոյանը երեկ որոշեց երկարացնել նրա կալանքը՝ մինչև հաջորդ տարվա փետրվար:

39-ամյա Մանթաշյանը, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով մեղադրվում է ահաբեկչության փորձի և իշխանության յուրացում նախապատրաստելու համար, հենց դատարանում հայտարարեց, որ իրեն կալանքի տակ պահելու և այդ կերպ պատժելու որոշումը վերևից է.

«Ցավով եմ արձանագրում էս փաստը, որ ինչ-որ մարդիկ գալիս են մոտենում, ասում են՝ «դատարանը թույլտվություն չի ստացել քեզ ազատ արձակելու»: Եթե մեր երկրում արդարադատությունը հիմա էդ ձևով ա կատարվում՝ պետք ա վերևից թույլտվություն տան, որ մեկին կալանքի տանեն կամ կալանքը վերացնեն, մենք շատ մեծ մեղքի մեջ ենք»:

Եռամսյակը մեկ երկարացվող կալանքին զուգահեռ՝ Լիդյա Մանթաշյանի տեսակցությունների վրա դրված արգելանքն էլ չի հանվում, նրան կարող են այցելել միայն ընտանիքի մերձավոր անդամները: Այն դեպքում, երբ նույն գործով գլխավոր մեղադրյալ Բագրատ սրբազանի դեպքում այդ արգելքը հանվել է, և նրան կարող է այցելել ցանկացած ոք:

«Էս քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ», - երեկ դատարանում հայտարարեց Մանթաշյանը:

Ըստ փաստաբան Տաթևիկ Սողոյանի՝ այս պահին Լիդյային կարողանում է այցելել միայն քույրը՝ ամիսը երկու անգամ: Մայրը վատառողջ է, ունի սրտի խնդիրներ, այդ պատճառով դստեր կալանքը երկարացնելու մասին չեն հայտնել, հայրն անցած տարի է մահացել:

«Սա յուրահատուկ խոշտանգման ձև է՝ մարդուն տանել մի խցում, արտաքին աշխարհից կտրված, ինչ-որ, էն պայմաններում, պատկերացնո՞ւմ եք՝ ինքը էդ խուցը, օրինակ՝ նույն Բագրատ սրբազանը եթե իր խուցը կիսում է Միքայել սրբազանի հետ, ում հետ քիչ թե շատ, շատ ընդհանուր բաներ ունեն՝ խոսելու նույն թեմաներն ունեն, նույն աշխարհն, ի վերջո, հոգևոր եղբայրներ են, Լիդյա Մանթաշյանը էնտեղ խուցը կիսում է շատ տարբեր կյանք ու կենսագրություն ունեցող, հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ, ու ինքը ասում է՝ «ես էստեղ կգժվեմ»: Ամեն օր ստիպված են լինում ինչ-որ ցածրորակ սերիալներ նայել: Ասում է ՝ «ես կյանքում նույնիսկ հայհոյանք լսած չկայի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սողոյանը:

Այն, որ Բագրատ սրբազանի գործով միակ կնոջը՝ Լիդյա Մանթաշյանին ուղղակի պատժում են, փաստաբանի պնդմամբ, ցույց են տալիս ոչ միայն անվերջ երկարացվող կալանքներն ու տեսակցությունների վրա դրված արգելքները, այլև այն փաստը, որ նույն ահաբեկչության գործի շրջանակներում նույն մեղադրանքով 11 անձի ազատ են արձակել, մինչդեռ գործը քննող դատավոր Ֆարխոյանի և Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի որոշումներով 39-ամյա կինը հինգ ամիս անազատության մեջ մնալուց հետո, առաջիկայում ևս երեք ամիս կմնա Աբովյանի կանանց բանտում:

«Կա քաղաքական ուղիղ հրաման՝ չազատելու կալանքից Լիդյա Մանթաշյանին», - պնդեց Տաթևիկ Սողոյանը:

Փաստաբանի համոզմամբ՝ այս կերպ ոչ միայն պատժում են Լիդյա Մանթաշյանին Բագրատ սրբազանի ամենահավատարիմ անձը լինելու համար, վրեժխնդիր են լինում ոչ միայն Բագրատ սրբազանից, ով պարբերաբար հորդորում է ազատել Լիդյային, այլև հստակ մեսիջ են հղում ընդդիմադիր հայացքներ ունեցող կանանց. - «Առնվազն վրեժխնդրության, պատժի և էս սարսափը տարածելու, հենց բառի ուղիղ իմաստով ահաբեկելու հանրությանը, էս ակնհայտ է: Մենք ինչքան մոտենալու ենք 26 թվականի ընտրություններին, էնքան էդ ռեպրեսիվ ապարատը բիրտ է աշխատելու՝ ցույց տալու, որ «մենք չունենք կարմիր գծեր, մարդիկ, եթե դուք հիմա դեռևս տարակուսում եք՝ կանայք, աղջիկներ, և այլն, արդյո՞ք մտնեք որևէ դժվարին պայքարի մեջ՝ քաղաքական, իրավապաշտպանական, ապա մեկ անգամ ավել մտածեք՝ պատրա՞ստ եք դուք արդյոք էս զոհողություններին գնալու, էս տառապանքների միջով անցնելու, թե՞ ոչ»:

Լիդյա Մանթաշյանն ինքն էլ երեկ խոսեց իրեն պատժելու իշխանության դրդապատճառների մասին՝ առանց հստակեցնելու, թե խոսքն ում մասին է. - «Ես գիտեմ՝ ինչի համար են ինձ պատժում, հիմա չեմ ուզում բարձրաձայնել էդ հարցերը, որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել, և իրանք նեղվում են դրանից»:

Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումը մեծ արձագանք է ստացել թե' փաստաբանական համայնքի և թե' իրավապաշտպանների շրջանում: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անընդունելի է համարել «կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելը»: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ Լիդյա Մանթաշյանի հետ կատարվողը համեմատել է խորհրդային դատախազական մեթոդների հետ, երբ ամեն ինչ արվում էր, որ «ցավեցնեն, մռմռացնեն, որ մենք տառապենք, երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուսումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը»։

Ինչո՞ւ ճիշտ նույն հոդվածներով մեղադրվող 11 տղամարդկանց խափանման միջոցը փոխել և ազատ են արձակել, իսկ Լիդյա Մանթաշյանին շարունակում են պահել բանտում: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ այս տարբերակված մոտեցման պատճառները չի հասկանում:

«Ես դա համարում եմ, իհարկե, պատժիչ գործողություն, ոչ իրավաչափ որոշում, որոշ դեպքերում երբ որ խափանման այլ միջոցներ են կիրառում, ասենք, թեկուզ, տնային կալանք կամ վարչական վերահսկողություն և այլն, չես էլ հասկանում, թե ինչով է պայմանավորված էդ տարբերակված մոտեցումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը՝ շարունակելով. - «Ես նորից եմ կրկնում՝ ես չեմ կարողանում հասկանալ, ես ասացի՝ ընտրողական արդարադատության երևույթը բնորոշ է դատական համակարգին»:

«Բայց ինչո՞ւ են տարբերակված մոտեցում ցուցաբերում: Գուցե ինչ-որ պետք է պատվեր լինի դատարանին ... », - այս դիտարկմանն էլ իրավապաշտպանն արձագանքեց. - «Դուք փորձում եք ինձանից պատվերի մասին, չկա պատվեր, եթե պատվեր լիներ, Ռոբերտ Քոչարյանը հիմա նստած կլիներ, Սերժ Սարգսյանը նստած կլիներ, եթե պատվերի մասին է խոսքը: Եթե պատվերի մասին լիներ խոսքը, բոլոր դրանք նստած կլինեին, բայց նստած չեն: Հետևաբար՝ պատվերի մասին եկեք չխառնենք, էլի, համեմատություն տանել կամ զուգահեռներ տանել»:

«Բայց դատավորը էդ դեպքում ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի՝ տղամարդկանց թողնել, իսկ այդ կնոջը՝ ոչ», - այս հարցին էլ Սաքունցը պատասխանեց. - «Դե, ես չեմ հասկանում»:

Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարացնելու դատավորի որոշումը պաշտպանական կողմը հերթական անգամ կբողոքարկի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG