Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն այսօր պատասխան հանդիպումը կանցկացնի Չեռնոգորիայի յոթակի չեմպիոն «Բուդուչնոստ»-ի հետ:
«Ազատություն»-ը խաղից առաջ հնարավորություն է ունեցել զրուցելու Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ.
Գոռ Մանվելյան. - Թիմը շատ լավ է տրամադրված, մենք պատրաստ ենք այս խաղին։ Գիտենք, որ դժվար խաղ է լինելու մեզ համար։ Բայց պատրաստ ենք հաղթելու։
«Ազատություն». -Առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթեցիք, բայց սպասելիքներն ավելին էին։ Եզրափակիչ հատվածում ի՞նչը չէր ստացվում թիմի մոտ։
Մանվելյան. - Դա մեր առաջին խաղն էր, իմ կարծիքով՝ լավ ենք խաղացել, իրենք էլ լավ պաշտպանվում էին, ամեն ինչ արել ենք, որ շատ գոլ խփենք։ Կարող է հարվածները քիչ էինք անում, կաշխատենք ավելի շատ անել։ Պետք է այդ հարցի վրա աշխատենք և ամեն ինչ անենք, որ այդ հարվածները գոլ դառնան»։
«Ազատություն». - Ակումբում մարզչի փոփոխություն է եղել, ինչպես նաև համալրում նոր ֆուտբոլիստներով, ինչպիսի՞ մթնոլորտ է հիմա թիմում։
Մանվելյան. - Թիմը շատ լավ է հարմարվել այդ ամենին՝ հա՛մ մարզիչին, հա՛մ նոր ֆուտբոլիստներին, և հուսով եմ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի։
Պոդգորիցայում լրագրողների հետ զրույցում սպասվող հանդիպումից խոսեցին նաև թիմի պաշտպան Գոնսալո Սիլվան և գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։
«Բուդուչնոստ»-ը առաջին խաղում ցույց է տվել, որ լավ թիմ է, փորձառու ֆուտբոլիստներով, և գիտեն, թե ինչպես խաղալ նման խաղերում։ Մենք հավատում ենք մեր որակներին և առավելագույնը կանենք որակավորման երկրորդ փուլ հասնելու համար», - ասաց Սանդրո Պերկովիչը:
«Բարդ խաղ է սպասվում։ Մենք պատրաստ ենք մեր աշխատանքը կատարել, պատրաստ ենք մեր խաղը խաղալ։ Մենք լավ խաղ ենք ցուցադրելու», - վստահեցրեց Գոնսալո Սիլվան: