Մատչելիության հղումներ

Պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ» աննախադեպ ցուցադրությունը


Պատմության թանգարանում մյուս ցուցանմուշներից տարբերվող շատ ավելի հաստ ապակու հետևում Բրիտանական թանգարանից Հայաստան եկած աստվածուհին է`Անահիտի բրոնզե գլուխը ու ձախ ձեռքը։ Ցուցադրությունն այսօր երեկոյից բաց է, դիցուհին Հայաստանում է առաջին անգամ:

Պատմության թանգարանի գիտաշխատող Արմինե Զոհրաբյանի խոսքով` Անահիտը ուսումնասիրողներին զարմացնում է նախ և առաջ նրանով, որ բրոնզով այսպիսի դեմք ու դեմքի արտահայտություն հեշտ չէ պատկերել, բայց դա արել են պատմական Հայաստանում։ Ի դեպ, բրիտանական թանգարանում Անահիտը հայկական անձնագիր չունի՝ հելենիստական շրջանի Սաթալայի Աֆրոդիտեն է։ Որ նա հենց աստվածուհի Անահիտն է, գիտական շրջանակները հիմնավորում են հանգամանքով, որ գլուխն ու ձեռքը գտնվել են այն վայրից, որտեղ դիցուհու գլխավոր տաճարն էր։ Բրիտանական թանգարանի կայքում գրված է ՝ գլուխն ու ձեռքը 1870-ականներին Էրզրումի Սաթալա բնակավայրում են գտնվել։

Աստվածուհու արձանն, ըստ հայ մասնագետների, 2.5 մետրանոց է եղել, մյուս մասերը որոնե՞լ են, Արմինե Զոհրաբյանն ասում է. - «Բրիտանական թանգարանը պատրաստվում էր այնտեղ պեղումներ իրականացնել այդ վայրում։ Բայց, քանի որ դա համընկել է մի փուլի հետ, երբ Օսմանյան Թուրքիան սկսում է խնդիրներ, բարդություններ դնել մշակութային արժեքները դուրս հանելու հարցում, Բրիտանական թանգարանը հրաժարվում է պեղումներ իրականացնել»։

Աստվածուհին «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ» խորագրով հատուկ ցուցադրության շրջանակում է Հայաստան տեղափոխվել։ Պատմության թանգարանից շուրջ 60 ցուցանմուշներ՝ նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև 90-ականներ՝ ամենուր մայրության թեման է։ Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ցուցադրությունն էլ, այս նոր ձևաչափն էլ աննախադեպ է համարում։

«Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը և Անահիտին կարելի է ծանոթանալ 5 հազար դրամով՝ տոմսն այսքան արժե, կրկնակի թանկ Պատմության թանգարանի մուտքի տոմսից։ Տնօրենը բացատրում է՝ սա հատուկ նախագիծ է, և գինն էլ հատուկ է. - «Նմանատիպ ցուցահանդեսները մեծ ծախսեր են պահանջում, և մենք էլ բավականին ծախսեր ենք դրել, որ ստանանք այսպիսի ամբողջովին նոր մի ցուցադրություն»։

Ավելի ուշ տնօրենը տեղեկացրեց՝ կենսաթոշակառուների և դպրոցականների համար մուտքը կես գնով կլինի: Աստվածուհին Հայաստանում կմնա 6 ամիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG