Մատչելիության հղումներ

Պատմական տապալում․ Մերցը չկարողացավ կանցլեր ընտրվել


Գերմանիա - Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում, Բեռլին, 6-ը մայիսի, 2025թ.
Գերմանիա - Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում, Բեռլին, 6-ը մայիսի, 2025թ.

Պատմական ձախողում. այսպես է գերմանական մամուլը բնութագրում այն, ինչ տեղի ունեցավ այսօր՝ նորընտիր Բունդեսթագի առաջին նիստի ընթացքում։ Կոալիցիոն պայմանագրի կնքումից 24 ժամ չանցած, քրիստոնեա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների կողմից դաշնային կանցլերի պաշտոնում առաջադրված Ֆրիդրիխ Մերցը չկարողացավ բավարար թվով քվեներ ստանալ կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատվելու համար։ Ընտրությունների արդյունքները հրապարակեց Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլոկները։

«Քվեարկությանը մասնակցել են Բունդեսթագի 630 անդամներից 621-ը։ Ֆրիդրիխ Մերցի թեկնածության օգտին քվեարկել է 310 պատգամավոր, դեմ՝ 307-ը։ Մերցին չի հաջողվել հավաքել կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ 316 ձայները», - հայտարարում էր Բունդեսթագի նախագահը։

1949 թվականից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ստեղծումից ի վեր երկրում նման բան տեղի չէր ունեցել։ Վերջին 76 տարիներին անցկացված 24 նմանատիպ քվեարկությունների ընթացքում Բունդեսթագի մեծամասնությունն առանց որևէ խնդրի կարողանում էր կանցլեր ընտրել։ Այժմ, սակայն, 328 մանդատ ունեցող երկկուսակցական կոալիցիան իր թեկնածուի համար ընդամենը 310 քվե կարողացավ ապահովել։

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի բնորոշմամբ՝ «Բունդեսթագի 18 պատգամավորները երկիրը կանգնեցրել են քաղաքական ճգնաժամի շեմին»։ Նշենք, սակայն, որ այդ 18 պատգամավորների անունները մինչև այս պահը հայտնի չեն, քանի որ կանցլերի ընտրությունը փակ գաղտնի էր։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն` Մերցի ընտրությունը տապալել են այն քրիստոնեա-դեմոկրատ և սոցիալ-դեմոկրատ պատգամավորները, որոնք դժգոհ էին կոալիցիոն նոր կառավարության կազմից։

«Հրաշալի օր Գերմանիայի համար», -Welt-ի հետ զրույցում այսպես բնութագրեց տեղի ունեցածը Բունդեսթագի մեծությամբ երկրորդ խմբակցության՝ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Տինո Խրուպալլան։

Կուսակցության առաջնորդներից ևս մեկի՝ Ալիս Վայդելի համոզմամբ, ստեղծված իրավիճակից միակ ելքը նոր ընտրություններն են։ «Ֆրիդրիխ Մերցը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից և ճանապարհ բացի նոր ընտրությունների համար։ Այս մարդը տարատեսակ ստերի ու խարդախության պատճառով չկարողացավ նույնիսկ իր կուսակիցների անվերապահ աջակցությունը ստանալ», - հայտարարում էր Վայդելը։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչների համոզմամբ՝ Մերցի տապալման գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդը սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիա կազմելու համար հրաժարվեց իր հիմնական նախընտրական խոստումներից՝ նախևառաջ անօրինական ներգաղթի դեմ պայքարի խթանումից։

Մերցի տապալումը ծանր հարված էր նաև գերմանական տնտեսության համար։ Երկրի խոշորագույն առևտրական հարթակում՝ Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում այսօր կեսօրին, Բունդեսթագում տեղի ունեցած քվեարկությունից անմիջապես հետո, գրեթե բոլոր ինդեքսները սկսեցին նվազել։

Մտահոգ են նաև շարքային գերմանացիները, որոնց կարծիքով՝ Մերցի ընտրության անսպասելի ձախողմամբ երկիրը ներքաղաքական նոր ճգնաժամի փուլ է մուտք գործել։

«Կարծում եմ, որ սա խայտառակություն է Մերցի համար։ Եթե նա ի վիճակի չէ անգամ սեփական կուսակիցներին վերահսկել, գուցե պետք է դիտարկի ինքնաբացարկի տարբերակը», -Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ֆրանկֆուրտի բնակիչներից մեկը։

Գերմանիայի մեկ այլ բնակչի համոզմամբ էլ՝ Մերցի հետ տեղի ունեցածը որևէ լավ բան երկրի համար չի նախանշում։

«Գերմանիայի համար շատ վատ է, որ երկրում կրկին ճգնաժամ է ծագել։ Ես վստահ եմ, որ Մերցը չարյաց փոքրագույնն է։ Հիմա Գերմանիան մի այնպիսի կացության մեջ է, որ ընտրությունը հարկավոր է կատարել չարյաց փոքրագույնի սկզբունքով հենց», - պնդում էր Ֆրանկֆուրտի մեկ այլ բնակիչ Տորստեն Լաուխը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG