Մատչելիության հղումներ

Պատերազմի երեք տարիներին Ռուսաստանում իշխանության 800-ից ավելի քննադատ է մեղադրյալի աթոռին հայտնվել


Ուկրաինա ներխուժման երեք տարիների ընթացքում Ռուսաստանում, իրավապաշտպանների մոտավոր հաշվարկներով, 800-ից ավելի մարդ է մեղադրյալի աթոռին հայտնվել՝ պատերազմի մասին կեղծ լուրեր տարածելու, լրտեսության, դավաճանության ու այլ հոդվածներով: Որպես կանոն՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են սոցիալական ցանցերում իշխանություններին քննադատողները: Գործերի կեսից ավելին արդեն ավարտվել է մեղադրական վճիռներով, հազարավոր մարդիկ էլ վարչական տուգանքների են ենթարկվել:

Մոտ մեկ տարի բանտում անցկացնելուց հետո օրերս ազատ արձակվեց 17-ամյա դպրոցական Դարյա Կոզիրևան, նա դեռ իրավունք չունի հեռանալ բնակավայրից: Ռուսական միլիցիան Դարյայի հետևից եկել էր, երբ երիտասարդ աղջիկը Սանկտ Պետերբուգում Տարաս Շևչենկոյի արձանին փակցրել էր ուկրաինացի բանաստեղծի ուկրաիներեն «Կտակ» բանաստեղծությունից մի հատված՝ գրված թղթի վրա. - «Թաղիր ու բարձրացիր, Կտրիր շղթաները, Կամքը ցողիր թշնամու չար արյունով»: Շևչենկոյի այս տողերը քննչական մարմինը որակել է դիմադրության կոչ։

«Այդ ռեպրեսիվ, մարդակեր օրենքներն ինձ հունից հանել են: Սոցցանցի իմ էջում գրել եմ, թե ինչ եմ մտածում այս հրեշավոր ու հանցավոր պատերազմի մասին», - ասում է Կոզիրևան:

Դարյան հեռացվել է բուհից:

Ուկրաինական բարեգործական հիմնադրամներին խորհրդանշական գումարներ փոխանցելու համար պետական դավաճանության հոդվածով տասնյակ մարդիկ են դատապարտվել: Ուսանողուհի Տատյանա Լալետինան իր 22-րդ տարեդարձը նշում է բանտում, նա 30 դոլար է նվիրաբերել Կիևում գործող մի հիմնադրամի, ինչի համար 9 տարի կալանավայրում կանցկացնի:

«Մեղադրյալները գումար են փոխանցել hօգուտ Ուկրաինայի զինված ուժերի», - հայտարարել էր քննիչը:

Լրագրող Սերգեյ Մանգազովին 6 տարվա ազատազրկում է սպառնում ֆեյքերի հոդվածով: Նա սոցցանցի իր էջում տարածել էր լրատվամիջոցի հրապարակումը ուկրաինական Բուչայում ռուս զինվորականների հանցագործությունների մասին: Միայն 2024 թվականին այսպես կոչված ֆեյքերի հոդվածով 45 լրագրողի է մեղադրանք առաջադրվել:

Ռեժիսոր Եվգենի Բերկովիչը և սցենարիստ Սվետլանա Պետրիյչուկը 6-ական տարվա ազատազրկման են դատապարտվել ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով: Նրանց հեղինակած «Ֆինիստ, խիզախ բազե» ներկայացումը մի քանի տարի դահլիճներ է լցրել Ռուսաստանում, արժանացել «Ոսկե դիմակ» մրցանակին, բայց անցած տարի իրավապահները պարզել են, որ ծայրահեղական իսլամիստների հետ ամուսնացած և Սիրիա մեկնած կանանց պատմությունն արդարացնում է ահաբեկչությունը:

«Ներկայացումն այն մասին է, որ չիմացության կամ դրամատիկ ինչ-որ հանգամանքների բերումով այդ կանայք հայտնվում են ահաբեկիչների ձեռքերում: Ներկայացումը բացահայտում է մեխանիզմները, թե ինչպես են այդ կանայք խաբվել», - ասում է դերասանուհի Քսենիա Ռապոպորտը:

Ընդ որում, ռուսաստանցի իրավապահները ուշի-ուշով հետևում են նաև երկրից հեռացած, բայց քաղաքացիությունը պահպանած ռուսների գրառումներին, հարցազրույցներին՝ հեռակա դատելով նաև նրանց: Այսպես, օրինակ, օպերային երգչուհի, Մարիինյան թատրոնի նախկին մենակատար ու իշխող «Եդինայա Ռոսիա»-ից Դումայի նախկին պատգամավոր Մարիա Մակսակովան հեռակա ձերբակալվել ու դատվում է պետական անվտանգության դեմ գործողությունների կոչերի համար: Երգչուհին ուկրաինական հեռուստաալիքի հետ զրույցում քննադատել էր Պուտինին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքները չեն ուշանա:

Եթե բանը չի հասնում մեղադրանքին, ապա Ռուսաստանի իշխանությունները քննադատներին ներառում են ծայրահեղականների ցուցակում, որտեղ ընդգրկված մարդիկ իրավունք չունեն հանդես գալ լրատվամիջոցներով, հավաքներ կազմակերպել, մասնակցել ընտրություններին: Վերջին տվյալներով՝ այդ ցանկում շուրջ 5 հազար անուն կա՝ այդ թվում գրողներ, լրագրողներ, իրավապաշտպաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG