Մատչելիության հղումներ

Պատերազմի 40-րդ օրը ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադար են հաստատել

Պատերազմի 40-րդ օրը Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են երկշաբաթյա անհապաղ հրադադար հաստատել:

Պակիստանի վարչապետը, որը դիմել էր կողմերին հրադադարի առաջարկով, նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցությունների։ Ըստ իրանական ISNA գործակալության՝ Իրանից կբանակցի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ-ից՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Իրանը հաստատել է իր մասնակցությունը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարին համաձայնել է, քանզի Իրանում գերազանցել են բոլոր ռազմական նպատակները և մեծ առաջընթաց ունեն «երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում:

Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցով երթևեկության բարելավմանը

Թրամփը սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ն Իրանից նոր առաջարկներ է ստացել, որոնք գործնական հիմք են բանակցությունների համար: Նա նաև նշել է, որ նախկինում վիճելի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնել են, իսկ 14-օրյա ժամկետը թույլ կտա վերջնական տեսքի բերել համաձայնագիրը:

Ավելի ուշ Թրամփը մեկ այլ գրառում է արել, որում նշել է. «Կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար։ Իրանն ուզում է դա, նրանք բավականին հյուծվել են այս պատերազմի հետևանքով։ Նույնը վերաբերում է նաև մյուս բոլորին։ ԱՄՆ-ն կօգնի կարգավորել Հորմուզի նեղուցով երթևեկությունը: Շատ գումար հնարավոր կլինի աշխատել»:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն կօգնի Իրանի վերակառուցմանը: «Սա կարող է Մերձավոր Արևելքի ոսկեդարը լինել»,- գրել է նա։

France Press-ին էլ Թրամփն ասել է, որ սա ԱՄՆ-ի համար «լիակատար և ամբողջական հաղթանակ» է։ Մեկ այլ գրառմամբ էլ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն սերտ կհամագործակցի Իրանի հետ, որտեղ, ըստ նրա, ռեժիմի փոփոխություն է եղել: Շեշտել է՝ Իրանը չի կարող հարստացնել ուրանը, իսկ արդեն հարստացվածն էլ դուրս կբերվի երկրից:

ԱՄՆ-ն կքննարկի նաև Իրանի նկատմամբ մաքսատուրքերի և պատժամիջոցների մեղմացման հարցը։ Իսկ Իրանին զենք մատակարարող ցանկացած երկրի համար ԱՄՆ-ն անմիջապես 50 տոկոս մաքսատուրք կսահմանի, զգուշացրել է նա։

Իսրայելը սատարում է ԱՄՆ որոշումը, սակայն Լիբանանի վրա հրադադարը չի տարածվում

Իսրայելը հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ որոշումը և դադարեցրել է Իրանի դեմ ռազմական գործողությունները: Վարչապետի գրասենյակից, սակայն, ընդգծել են՝ հրադադարը չի վերաբերում Լիբանանին, որտեղ շարունակվում են Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ գործողությունները: Բեյրութի ուղղությամբ այսօրվա սաստիկ հարվածներից հետո հաղորդվում է տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին:

Հորմուզի նեղուցով անվտանգ երթևեկությունը կապահովի Իրանի զինուժը. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթը Հորմուզի նեղուցով անվտանգ երթևեկությունը կապահովի Իրանի զինուժը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ նեղուցը կբացվի հինգշաբթի կամ ուրբաթ, եթե «բանակցությունների շրջանակի շուրջ համաձայնության հասնեն»: Ընդ որում, նեղուցով անցումը կլինի սահմանափակ և կհամակարգվի իրանական զինուժի հետ:

Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարարը պնդել է, թե նեղուցը բաց է, և նշել, թե Իրանում վճռական հաղթանակ են տարել: Փիթ Հեգսեթը նաև պնդել է, թե Իրանի նոր ղեկավարությունն «աղաչել» է, որ հրադադար հաստատվի: ԱՄՆ զինուժը դեռ կմնա Մերձավոր Արևելքում, ասել է նա:

«Մենք ոչ մի տեղ չենք գնալու։ Մենք ապահովելու ենք, որ Իրանը պահպանի այս հրադադարի պայմանները, ապա, ի վերջո, նստելու ենք բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության ենք գալու», - հավելել է նա։

Նույնը հաստատել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահը: Գեներալ Դեն Քեյնի խոսքով՝ ամերիկյան զինուժը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ամեն պահի վերսկսել ռազմական գործողությունները, եթե դիվանագիտությունը ձախողվի:

ԱՄՆ փոխնախագահը, իր հերթին, Հունգարիայում հայտարարել է՝ եթե իրանցիներն իսկապես պատրաստ են համագործակցել, ապա հնարավոր կլինի համաձայնության գալ: Իսկ եթե փորձեն խաբել, արագ կհամոզվեն, որ Թրամփն այն մարդը չէ, ում հետ կարող են կատակ անել:

Նավթի գինը նվազել է

Հրադադարի մասին լուրից հետո նավթի գինը նվազել է 100 դոլարից, Իրաքը բացել է իր օդային սահմանը: Մի շարք երկրներ ողջունել են հրադադարը:

Իրանում մարդիկ փողոց են դուրս եկել տոնելու:

Թեհրանում նաև այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները: Շատ իրանցիներ չեն հավատում, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հավատարիմ կմնան հրադադարին:

«Ամերիկան մինչ օրս հարյուր անգամ ցույց է տվել իր դեմքը։ Մենք երկու անգամ բանակցությունների սեղանի շուրջ էինք, երբ հարձակվեցին։ Այս հրադադարը նաև, անշուշտ, նրա համար է, որ վերականգնեն ուժերը»,- ասել է Թեհրանի բնակիչը:

Մեկ այլ բնակչի խոսքով էլ. «Մենք սա զգացինք և՛ դիմադրության ճակատում, որտեղ նրանք օգտագործեցին հրադադարի պատրվակը զինվելու և ավելի ուժեղ հարվածելու համար, և՛ 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ հրադադարի պատրվակով դադարեցրին պատերազմը, զինվեցին և կրկին հարձակվեցին»։

Չնայած հրադադարին՝ Պարսից ծոցի երկրները դեռ հայտարարում են Իրանի կողմից հարձակումների մասին: Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ իր օդային տարածքում իսրայելական անօդաչու է խոցել և զգուշացրել՝ ամերիկա-իսրայելական ուժերի ցանկացած ներկայություն իր տարածքում կհամարվի հրադադարի խախտում, որին «վճռական պատասխան կտրվի»:

Պատերազմի հետևանքով Իրանում սպանվել է ավելի քան 2070, վիրավորվել 26 հազար 500 մարդ, թեև ըստ իրապաշտպանների՝ զոհերի թիվն անցնում է 3500-ը: Լիբանանում սպանվել է 1500-ից ավելի, վիրավորվել 4640-ից ավելի մարդ, իսկ Իսրայելում սպանվել է 26, վիրավորվել՝ 7183 մարդ: 13 զոհ և 200 վիրավոր էլ ունեցել է ԱՄՆ-ն: 150-ից ավելի մարդ էլ սպանվել է Պարսից ծոցի երկրներում:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG