Մատչելիության հղումներ

Փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվել է, մեղքը չի ընդունում


Դատական իշխանության ներկայացուցչին օժանդանելու, կաշառք ստանալու գործով ձերբակալված փաստաբան Արմեն Օհանյանը երկու ամսով կալանավորվել է: Նրա փաստաբան Հովիկ Սուքիասյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դիմել էին խափանման միջոց տնային կալանքի համար, սակայն իրենց մերժել են հիմնավորմամբ, որ Օհանյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին:

Փաստաբանը նաև փոխանցեց, որ Արմեն Օհանյանն անհիմն է համարում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Հանգամանքներն այնքան խառն ու պարզունակ են, որ դժվար է այս պահին ինչ-որ բան ասելը: 3-4 տարբեր իրադարձություններ են, հակասական բաներ կան: Իրեն վերագրվող մեղադրանքն իրականում անհիմն է: Որևէ բան չկա իր մեղադրանքի մեջ», - ասաց Սուքիասյանը:

Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում երեկ Հակակոռուցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Ձերբակալվել էին մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

«Ազատության» տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվել վարչականի դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի և դատավորներ Մհեր Պետրոսյանի ու Լուսինե Բոյաջյանի բնակարաններում և աշխատասենյակներում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG